Արտաքին 54 րոպե առաջ - 08:45 14-10-2026

Մերցը բարձր է գնահատել 12-ժամյա աշխատանքային օրվա առավելությունները

Աշխատանքային ժամերի նկատմամբ ճկուն մոտեցումը կարող է նոր հնարավորություններ բացել ոչ միայն ընկերությունների, այլև նրանց աշխատակիցների համար։ Այս կարծիքն է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի գործատուների միությունների դաշնային ասոցիացիայի «Գործատուների օր» միջոցառման ժամանակ Բեռլինում, երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։ Գրում է DW-ն։

Մասնավորապես, Գերմանիայի կառավարության ղեկավարը մատնանշել է շաբաթական մի քանի օր օրական 12 ժամ աշխատելու առավելությունները, եթե մյուս օրերը մնան ազատ։ «Կան միջազգային ընկերություններ, որտեղ նրանք աշխատում են անընդմեջ 12 ժամ՝ շաբաթական երեք անգամ, և դա բավարար է»,- պնդել է Ֆրիդրիխ Մերցը։

Նա կարծիք է հայտնել, որ աշխատակիցներն այս մոդելը համարում են գերազանց, քանի որ այն նրանց բավականաչափ ժամանակ է թողնում իրենց ընտանիքների համար: «Սա ցույց է տալիս, որ 8 ժամից ավելի աշխատելը շահագործում չէ: Սա կարող է լավ հնարավորություն լինել ընկերությունների և նրանց աշխատակիցների համար՝ ճկուն լինելու իրենց աշխատանքային ժամերի հարցում»,- հավելեց կանցլերը:

Մերցի խոսքով՝ ժամանակն է, որ Գերմանիայի կառավարությունը մշակի ճկուն աշխատանքային ժամերի մասին օրինագիծ։ Նախատեսվում է, որ նման փաստաթուղթը կսահմանի շաբաթական աշխատանքային ժամերի առավելագույն քանակը, այլ ոչ թե օրական, ինչը թույլ կտա մշակել ճկուն աշխատանքային մոդելներ։ Միևնույն ժամանակ, ընկերություններին պետք է ավելի մեծ հնարավորություն տրվի աշխատակիցների հետ ժամանակային սահմանափակմամբ աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ բարձրաստիճան ղեկավարների ազատումը պետք է հեշտացվի, հավելել է Մերցը։

Հոկտեմբերի 13-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի նախկին վարչապետ Ալեքսանդր Շվայցերին նշանակել է աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար։ Նա պատասխանատու կլինի աշխատաշուկայում ավելի մեծ ճկունության մասին օրինագծի վերջնական մշակման համար։ Շվայցերին սպասվող մեկ այլ կարևոր խնդիր է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։

Ձեզ գուցե հետաքրքրի