«Ինտեր Մայամիի» արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի մարզական բրենդի՝ Adidas-ի «Մեսսի +10» նախագծի շրջանակում ընտրել է 10 երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք, իր կարծիքով, կդառնան համաշխարհային ֆուտբոլի հաջորդ սերնդի աստղերը։
Նախագիծը միավորում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի տաղանդների տարբեր երկրներից:
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող այս արշավը ներկայացվել է «Հաջորդ գլուխն սկսվում է այստեղ» կարգախոսի ներքո։ Ինչպես նշում է Marca-ն, թեև սա ավելի շատ գովազդային նախագիծ է, քան պաշտոնական վարկանիշ, սակայն Մեսսիի անվան ներկայությունն անմիջապես մեծ ուշադրություն է գրավում ընտրված յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ: Ցուցակում տեղ են գտել և՛ հայտնի եվրոպական ակադեմիաների սաներ, և՛ անակնկալ անուններ։
Ցուցակի ամենաուշագրավ ֆուտբոլիստներից է Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա հարձակվող Մաքս Դոումենը, որն արդեն հասցրել է հանդես գալ ակումբի գլխավոր թիմում։ Մեսսին ընդգրկել է նաև մեկ հայրենակցի՝ արգենտինական «Բոկա Խունիորսի» 19-ամյա կիսապաշտպան Թոմաս Արանդային: Վերջինս ակումբի կազմում արդեն 14 հանդիպում է անցկացրել և հասցրել է հրավիրվել Արգենտինայի երիտասարդական հավաքական։
Ընդհանուր առմամբ, Մեսսիի ընտրած 10 ֆուտբոլիստների ցանկն ունի հետևյալ տեսքը.
Տղամարդիկ
Թոմաս Արանդա («Բոկա Խունիորս», Արգենտինա, 19 տարեկան)
Մաքս Դոումեն («Արսենալ», Անգլիա, 16 տարեկան)
Զեյվիեր Գոզո («Քրիսթալ Փելաս», ԱՄՆ, 19 տարեկան)
Խեսուս Ռոդրիգես («Կոմո», Իսպանիա, 20 տարեկան)
Կես Սմիթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ, 20 տարեկան)
Խիլբերտո Մորա («Տիխուանա», Մեքսիկա, 17 տարեկան)
Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Թուրքիա, 20 տարեկան)
Կանայք
Քլոե Սարվի («Չելսի», Անգլիա, 17 տարեկան)
Ջովանա Վաքսման («Լիոն», Բրազիլիա, 17 տարեկան)
Լոտա Վրեդե («Համբուրգ», Գերմանիա, 18 տարեկան)
Հիշեցնենք, որ նախորդ թողարկումներում Մեսսին առանձնացրել էր այնպիսի տաղանդների, ինչպիսիք են Ռիո Նգումոհան («Լիվերպուլ»), Անդրեյ Սանթոսը («Չելսի») և Կենդրի Պաեսը (նույնպես «Չելսիի» սեփականությունն է)։
Armsport