Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար, տեղեկացնում է Sky News-ը։
Ըստ Բադենոքի, Մոսկվային արված զիջումները կարող են հանգեցնել հետագա ագրեսիայի և վտանգի տակ դնել արդարացի ու կայուն խաղաղության հեռանկարները։
Հայտարարության առիթը դարձել է Թրամփի որոշումը՝ թույլատրել ռուսաստանյան դիզելային վառելիքի մատակարարումների ներմուծումը ԱՄՆ, ինչպես նաև նրա հայտարարությունները Զելենսկու մասին։ Ամերիկայի նախագահը ուկրաինացի առաջնորդին մեղադրել է պատերազմի ավարտը ձգձգելու մեջ և ենթադրել, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր ղեկավարություն։
«Ուկրաինայի ազատությունը նախագահ Թրամփի համար սակարկության առարկա չէ»,- հայտարարել է Բադենոքը։
Նա ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդը սխալվում է՝ թուլացնելով ռուսաստանյան դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումները, մեղադրելով Զելենսկուն այն պատերազմի ձգձգման մեջ, որը վարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և թուլացնելով գոյության իրավունքի համար պայքարող երկրի դիրքերը։
«Ռուսաստանը ագրեսոր է։ Միշտ էլ ագրեսոր է եղել»,- ասել է բրիտանացի պահպանողականների առաջնորդը։
Նրա կարծիքով, Մոսկվային արված զիջումները միայն կխրախուսեն հետագա ագրեսիան, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների կողմից։
«Եթե Ռուսաստանին պարգևատրեն, պետք է սպասել ավելի մեծ ագրեսիայի, այդ թվում՝ այլ երկրների կողմից։ Այդ դեպքում արդարացի և կայուն խաղաղության մասին կարելի է մոռանալ»,- զգուշացրել է Բադենոքը։