Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Ռուսաստանից սաստկացող հարձակումների ֆոնին, առաջարկել է Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող ընկերներ կամ ազգականներ ունեցող բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը։ Կլիչկոն այս հայտարարությունն արել է AFP-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։ Գրում է
DW-ն։
«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և մահացածների մասին, քանի որ մեր քաղաքի հրետակոծությունը սաստկանում է։ Այսօր դա գոյատևման հարց է», - ասաց Կլիչկոն։
Նա զգուշացրեց, որ եթե Կիևում ռուսական հարձակումների պատճառով ջրամատակարարման համակարգը խաթարվի, կարող է առաջանալ «բավականին լայնածավալ» ճգնաժամ։
Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետը շեշտեց, որ ինքը կոչ չի անում լիակատար տարհանման: «Դա Պուտինի նպատակն է: Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք նրան»,- ասաց Կլիչկոն:
Կիևի իշխանությունները ձմռանը պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում, ինչպես նաև վառելիքի, սննդի և խմելու ջրի պաշարներ են կուտակում, ասել է քաղաքապետը։ Սակայն, անկախ նրանից, թե որքան լավ են իշխանությունները և Կիևի բնակիչները պատրաստվել, «եթե ՀՕՊ համակարգը խափանվի, մենք կարող ենք հայտնվել ամենավատ սցենարի մեջ», - ասել է Կլիչկոն։
Սեպտեմբերին Ռուսաստանը ակտիվացրեց Կիևի վրա իր հարձակումները։ Հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը սկսեցին թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում էին Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում չէին ենթարկվել հարձակման։ Նպատակային թիրախ դարձան նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները ։
Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ռուսաստանի նոր ավիահարվածների ռազմավարության մասին, որն օգտագործում է Կրեմլը՝ ուկրաինացիներին ստիպելու լքել Կիևը և այլ խոշոր քաղաքներ։