Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:00 08-10-2026

Ինչու են ջնջել ԱԳՆ կայքի բովանդակությունը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել էր Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը: Էջը կար, բովանդակությունը՝ ոչ։ Այս մասին ահազանգել էր քաղաքագետ էդուարդ Աբրահամյանը: «Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարրատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ»,- գրել էր նա։

Ներկայումս կայքում դատարկ է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ Արցախից հայերի բռնի տեղահանության, Արցախում եկեղեցիների, հուշարձանների ավերման, պղծման մասին ոչինչ չկա։ Արտաքին քաղաքականության հայցեկարգը ևս բացակայում է։ Հնարավոր չէ հասկանալ, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ինչպես է բալանսավորում և բալանսավորվում։

Ինչո՞ւ են ջնջել պաշտոնական կայքի որոշ էջերը և վերացրել փաստաթղթերը։

Նկատենք, որ խոսքը ԱԳՆ կայքի մասին է։ Այն պաշտոնական աղբյուր է, դեղին մամուլ չէ, որ հրապարակում անի, հետո ջնջի։ ԱԳՆ կայքի մակարդակը ոչ միայն պետության լրջության ցույցիչ է, այլև գիտական նշանակություն ունի։ Բազմաթիվ գիտական աշխատանքներ են գրվել, որտեղ կան պատշաճ հղումներ ԱԳՆ պաշտոնական էջերին։ Իսկ հիմա այդ հղումները դատարկ էջեր են ցույց տալիս։

Եվ ընդհանրապես՝ պաշտոնական կայքում կարևոր էջերի և փաստաթղթերի ջնջումը կամ վերաշարադրումն անլրջացնում է պետությունը, բացասական տպավորություն ստեղծում։

Պատմությանը բազմաթիվ օինակներ են հայտնի, երբ բարբարոս թշնամիները արտաքին ներխուժման ժամանակ ոչնչացնում են պետական կարևոր փաստաթղթերը։ Հայաստանի դեմ բարբարոսների արտաքին ներխուժում չի եղել, նրանք չեն հասել ԱԳՆ։ Հետևաբար՝ այս ենթադրությունն իրականությունից հեռու է։

Հեղափոխությունից հետո ևս լինում է այսպիսի վայրագություն փաստաթղթերի նկատմամբ։ Հեղափոխական իշխանությունները, սովորաբար՝ վերաիմաստավորվում և վերաշարադրվում են պատմությունը, քաղաքական պրիզման փոխվում է։ Ամեն ինչ ջնջելու և սեփական կետից սկսելու հեղափոխական մոլուցով տարվածները ջնջում կամ վերափոխում են նաև պաշտոնական աղբյուրները, որ տպավորություն ստեղծվի, թե պետությունը սկսվել է իրենցով։ Սակայն ՀՀ-ում վերջին շրջանում հեղափոխություն չի արձանագրվել։ Չնայած ներկայումս իշխանության է 2018-ին Թավշյա հեղափոխությամբ եկած ՔՊ-ն, սակայն նրա կողմից նոր հեղափոխության մասին խոսք անգամ չի եղել։ Հետևաբար՝ այս վարկածը ևս հերքվում է բավարար ապացույցների բացակայության հիմքով։

Ողջամիտ ենթադրություն կա, որ ՔՊ-ականներին չի հետաքրքրում պետությունը, պետության հեղինակությունը, վարկը, լրջությունը, այլ միայն հարկատուների միջոցներն ու արտաքին դրամաշնորհները տնօրինելը։ Նրանք, հավանաբար, կարծում են, թե ԱԳՆ կայքը սոցցանցի իրենց էջն է, ինչպես ուզեն՝ կարող են փոփոխել բաժինները, վերաշարադրել, բովանդակությունը։ Այսինքն՝ սա քաղաքական անպատասխանատվության դրսևորում է։ Եվ սա հնարավոր է, քանի որ անպատասխանատվությունը հեղափոխականներին, այդ թվում՝ ՔՊ-ին բնորոշ հատկանիշներից է։

Մեկ այլ բացատրություն էլ կա։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո կազմավորված կառավարությունում ԱԳՆ-ն վերանվանվել է ԱԳՄԱՆ, ԱԳՆ-ին ավելացել է միջազգային առևտուրը։ Թերևս սա է պատճառը, որ վերաշարադրվել են երկկողմ հարաբերությունների էջերը։ Եթե նախկինում երկկողմ հարաբերությունների նկարագրության մեջ նշվում էին պայմանագրերն ու այցերը, ապա վերանվանումից հետո կայքում նկատելի տեղ է զբաղեցնում պետությունների հետ առևտրի ծավալների մասին տեղեկատվությունը։ Այստեղ էլ բովանդակային քիչ բան կա, սակայն գումարային առումով կարելի է տեսնել, թե ՀՀ-ն ինչքան ապրանք է ներկրել կամ արտահանել այս կամ այն երկրից։

Կարճ ասած՝ ամոթալի է, որ ԱԳՄԱՆ կայքից ջնջվում են փաստաթղթեր, բաժիններ, վերաշարադրվում է բովանդակությունը։ Պաշտոնական աղբյուրների հետ այդպես անպատասխանատու կերպով չեն վարվում։ Պետության հեղինակության հետ այդպես խաղ չեն անում։



Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան