Ներքին 1 ամիս առաջ - 16:16 07-10-2026

ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը

ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը:
Էջը կա, բովանդակությունը՝ ոչ։

Այս մասին գրում է քաղաքագետ էդուարդ Աբրահամյանը:

«Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025), և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմաթիվ անգամ հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։
Իսկ հիմա այդ բովանդակությունը չկա։ Այն ոչ թե խնամքով արխիվավորել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս։ Պաշտոնական կայքերում հրապարակված նման նյութերը պետական քաղաքականության "փաստագրված հետքն" են։ Դրանք կարևոր են ոչ միայն լրագրողի, այլ երկրի դիվանագետ/պաշտոնյաի կամ ուղղակի քաղաքացու, այլև այդ թվում նաև գիտնականի համար՝ որպես վավեր և ստուգելի սկզբնաղբյուր։

Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարրատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ։
Քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ առհամարանքի շատ խոսուն ցուցիչ է, ի՞նչ խոսք։

Ստորև տեղադրում եմ ջնջված էջի իմ կողմից ժամանակին արխիվավորված բովանդակությունը․

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա.

• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ,
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը` հենվելով եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների վրա:

Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Հայաստանը կողմնակից է և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:


Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով

Ձեզ գուցե հետաքրքրի