Արտաքին 32 րոպե առաջ - 23:58 06-10-2026

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ նոր անդամների համար 15-ամյա փորձաշրջան սահմանել

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ նոր անդամների համար 15-ամյա փորձաշրջան սահմանել, որի ընթացքում երկրները ժողովրդավարական սկզբունքներն ու Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքում կարող են զրկվել ձայնի իրավունքից կամ եվրոպական ֆինանսավորումից։

Այդ առաջարկը դարձել է ԵՄ-ի՝ ապագա ընդլայնմանը պատրաստվելու ծրագրերի մի մասը, գրում է The Guardian-ը։

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությանը պետք են նոր անդամների՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներից նահանջին արձագանքելու ավելի արագ մեխանիզմներ, քան քվեարկության իրավունքից զրկելու՝ 7-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը։

«Այլևս ոչ մի Վիկտոր Օրբան»,- ասել է Կոսը Guardian-ին և եվրոպական այլ պարբերականների տված հարցազրույցում՝ նկատի ունենալով Հունգարիայի նախկին վարչապետին, որի քաղաքականությունը բազմիցս դարձել էր ԵՄ ինստիտուտների հետ վեճերի առարկա։

Եվրահանձնաժողովի առաջարկով՝ անդամակցությունից հետո առաջին 15 տարվա ընթացքում երկիրը կարող է բախվել պատժամիջոցների՝ ժողովրդավարական արժեքները կամ ԵՄ-ի հետ բարեխիղճ համագործակցության սկզբունքը խախտելու համար։ Նման միջոցների կիրառման շեմը կլինի ավելի ցածր, քան գործող 7-րդ հոդվածի ընթացակարգով սահմանվածն է։ Նախաձեռնությունը դեռ պետք է ստանա Եվրամիության անդամ պետությունների հավանությունը։

7-րդ հոդվածը թույլ է տալիս ԵՄ արժեքների «լուրջ և համակարգային խախտման» դեպքում երկրին զրկել ձայնի իրավունքից, սակայն այս ընթացակարգը երբեք չի հասցվել ծայրահեղ միջոցի կիրառմանը։ Հունգարիայի և Լեհաստանի վերաբերյալ նման քննարկումները տարիներով շարունակվում էին, այդ թվում՝ այն պատճառով, որ երկրները կարող էին աջակցել միմյանց և արգելափակել որոշումները։

Միևնույն ժամանակ առաջարկվող մեխանիզմը չպետք է գործի անժամկետ։ Կոսի ասելով՝ մշտական սահմանափակումները ԵՄ անդամակցության «առաջին և երկրորդ դասի» իրավիճակ կստեղծեին։

Այս ծրագրերը հայտնվել են Եվրամիության ընդլայնման նոր խթանի ֆոնին։ Ամենաշատ առաջընթաց գրանցած երկրների թվում Հանձնաժողովը նշում է Չեռնոգորիան, Ալբանիան, Մոլդովան և Ուկրաինան։ Երեքշաբթի ԵՄ-ն միաժամանակ իր ինստիտուտներն ու քաղաքականությունն ավելի քան 30 անդամ պետություն ունեցող միությանը նախապատրաստելու առաջարկներ է ներկայացրել։

ԵՄ-ի՝ մինչև 35 երկիր ընդլայնման դեպքում արգելափակումները կանխելու համար անդամ պետությունները կարող են քննարկել առանձին հարցերում, ներառյալ՝ հարկային և պատժամիջոցների քաղաքականության ոլորտում, միաձայնության պահանջից հրաժարվելը։ Քննարկվում է նաև ռոտացիոն համակարգի հաշվին Եվրահանձնաժողովի անդամների թվի կրճատման հնարավորությունը։

Մինչ այդ ԵՄ-ն հույս ունի մոտ ժամանակում Ուկրաինայի և Մոլդովայի հետ բացել բանակցությունների նոր ուղղություններ։ Խոսքը, մասնավորապես, ներքին շուկայի և մրցունակության մասին է՝ ԵՄ օրենսդրության խոշոր բլոկների, որոնք ընդգրկում են տնտեսական և դրամավարկային քաղաքականությունը, հարկումը, գիտական հետազոտությունները և լրատվամիջոցները։

Միաժամանակ Կոսը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել պատերազմի մեջ գտնվող կամ իր տարածքում սառեցված հակամարտություն ունեցող երկրի՝ ԵՄ անդամակցության հնարավորության մասին։ Առանձին նա հաստատել է, որ ուկրաինացի գյուղատնտեսական արտադրողները չեն կարողանա ստանալ ԵՄ սուբսիդիաներ, եթե պահպանվեն ուկրաինական արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի սահմանափակումները։

Եվրահանձնակատարն ընդլայնումն անվանել է ԵՄ-ի «ռազմավարական շահ»՝ նախազգուշացնելով Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Բալկաններում Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցության մասին։ Նրա կարծիքով՝ հարևան երկրներին ինտեգրելու անկարողությունը կարող է հանգեցնել նրան, որ արտաքին ուժերը դրանք կօգտագործեն Եվրամիության դեմ։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ