Ներքին 39 րոպե առաջ - 22:08 06-10-2026

Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին

Նիկոլ Փաշինյանը Ctrl Z Infocom հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար՝ նշելով, որ պատասխանատվությունը կրում է նաև ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը։

Լրագրողը հիշեցրել է, որ 2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 230 դեպք, և հարցրել է, թե արդյոք դրա համար պատասխանատվություն են կրում բարձրաստիճան պաշտոնյաներն ու Պաշտպանության նախարարությունը։

Փաշինյանը կոչ է արել հաշվի առնել այդ վիճակագրության բովանդակությունը։ Նրա ասելով՝ դրանում ներառված են ոչ միայն այն դեպքերը, որոնք անմիջականորեն կապված են բանակային միջավայրի հետ։ Մասնավորապես, նա օրինակ է բերել մի զինծառայողի, որը տանը ինֆարկտ է ստացել և մահացել, ինչպես նաև մի մարդու, որը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ տնից բարեկամի մոտ գնալու ճանապարհին։

Միևնույն ժամանակ Փաշինյանը խոստովանել է, որ մտահոգված է ինքնասպանությունների թվի աճով։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք բանակում այս տարի գրանցված ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 12 դեպքերը մտահոգություն են առաջացնում, Փաշինյանն ասել է. «Իհարկե առաջացնում են։ Մենք ենք դրա պատասխանատուն։ Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»։
Հարցին՝ արդյոք պատասխանատվություն է կրո՞ւմ պաշտպանության նախարարը, վարչապետը պատասխանել է. «Ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը»։

Միաժամանակ Փաշինյանը մերժել է այն տրամաբանությունը, ըստ որի նման դեպքերի պատճառով պաշտպանության նախարարը պետք է ինքնաբերաբար հրաժարական տա։ Ի պատասխան Ղազախստանի օրինակի, որտեղ պաշտպանության նախարարը հրաժարական է տվել եղանակային պայմանների պատճառով 14 զինծառայողի զոհվելուց հետո, նա հայտարարել է, որ այդ դեպքում Հայաստանն ընդհանրապես չպետք է պաշտպանության նախարար ունենար։

«Մենք Հայաստանում ընդհանրապես չպետք է պաշտպանության նախարար ունենանք։ Մենք չպետք է ունենանք պաշտպանության նախարար և պաշտպանության նախարարությունում աշխատողներ»,- ասել է Փաշինյանը ։

Փաշինյանի ասելով՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան խնդիրը պահպանվում է դեռևս 1990-ականների սկզբից և կապված չէ միայն որևէ կոնկրետ նախարարի կամ գերատեսչության գործողությունների հետ։

«Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա մենք 1990-ականների սկզբից ի վեր պաշտպանության նախարար չպետք է ունենայինք, որովհետև այս խնդիրը շարունակական է և փոխանցվել է որպես ժառանգություն», — հայտարարել է նա։

Փաշինյանը միաժամանակ զինծառայողների ինքնասպանությունների մի մասը կապել է բանակի ներսում առկա հոգեբանական ճնշման հետ։ Ըստ նրա՝ ինքնասպանության հասցնելու որոշ դեպքեր կարող են կապված լինել այն բանի հետ, որ զինվորները քնում են մարտական հերթապահության ժամանակ։

«Բանակում քնելու փաստը քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ և, հնարավոր է, նախկինում գոյություն ունեցած անվտանգության տրամաբանությամբ համարվում է այսպես կոչված մահացու մեղք»,- ասել է Փաշինյանը։

Նրա ասելով՝ դրանից հետո զինծառայողը ենթարկվում է համընդհանուր պարսավանքի և հոգեբանական ճնշման, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ինքնասպանության։

Փաշինյանը շեշտել է, որ դա չի նշանակում, թե խնդիր չկա։ Նրա ասելով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել տեղի ունեցողի պատճառները տարբեր մակարդակներում։ Նա նշել է նաև, որ իր տվյալներով՝ եթե համեմատենք 100 հազար մարդու հաշվով ինքնասպանությունների թիվը, ապա բանակում այդ ցուցանիշը էապես ցածր է, քան ընդհանուր բնակչության շրջանում։

«Դա չի նշանակում, որ մենք խնդիր չունենք։ Դա նշանակում է, որ մենք պետք է խորանանք խնդրի մեջ։ Այս խնդիրը բազմաթիվ շերտեր ունի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված