ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։
Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր ջանքերը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումն ու Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Գերմանիայի՝ Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցությանը։