Ներքին 1 ամիս առաջ - 16:23 06-10-2026

Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի