Թրամփի վարչակազմը Սիրիան հանել է այն երկրների ցանկից, որոնց արգելված է ամերիկյան զենքի վաճառքը:
Associated Press-ը հաղորդում է, որ սպառազինություն գնելու Դամասկոսի հայտերն այլևս ավտոմատ կերպով չեն մերժվի, այլ կդիտարկվեն մասնավոր կարգով:
Պարբերականը նշում է, որ սա Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի մերձեցման կուրսի մի մասն է:
Անցյալ տարվանից ի վեր Թրամփի վարչակազմը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Բաշար ալ-Ասադի տապալումից և Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում չեղյալ էր հայտարարել Սիրիայի՝ որպես ահաբեկչությունը հովանավորող պետության որակումը, իսկ ԱՄՆ-ն նախատեսում է վերաբացել իր դեսպանատունը Դամասկոսում, որը փակվել էր 14 տարի առաջ։ Այժմ ԱՄՆ զենքի արտահանման սև ցուցակում մնում են միայն Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Մյանման, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։