Ավելին Ներքին 1 ամիս առաջ - 11:55 29-09-2026

«Կողք կողքի»՝ արդեն 7-րդ անգամ․ մեկնարկում է միջազգային ներառական փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո՝ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 2-5-ը կանցկացնի «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։

Այս տարի փառատոնն ունի շուրջ 500 մասնակից՝ Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը նպատակ ունի բացահայտելու զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, նպաստելու նրանց կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը՝ ստեղծելով կրթամշակութային կյանքում նրանց ակտիվ ներգրավման հավասար պայմաններ։

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում կանցկացվի «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես կգան Երևանի և ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև փառատոնի արտերկրի մասնակիցները։

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում («Black Box») կներկայացվեն թատերական բեմադրություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 4-ին ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով կանցկացվի վարպետության դաս-սեմինար՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։
Հայաստանում ներառականության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ոլորտում շարունակական կրթության ապահովմանն ուղղված վարպետության դասին կմասնակցեն տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես կգան հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի երաժիշտ-կատարողների և երաժշտական խմբերի հետ։

Այս տարի փառատոնին մասնակցում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը, հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, «Նեմրա», «Լավ Էլի», «Գաթա» բենդերը և այլ անվանի երաժիշտներ ու երաժշտական խմբեր։

Գալա համերգի շրջանակում Ազատության հրապարակի տարածքում կկազմակերպվի նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնը տարիների ընթացքում ընդլայնել է իր ձևաչափն ու աշխարհագրությունը։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը երկրորդ տարում դարձել է միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցների Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Փառատոնը տարեցտարի ընդլայնում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն՝ նպաստելով ներառական մշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie