Դանիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի ամբողջական տեքստը որը ստորագրվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Սկանդինավյան թագավորության, Դանիայի ինքնավար տարածքի կառավարության և ԱՄՆ կառավարության կողմից Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։ Գրում է
DW-ն։
Դանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ կողմերը աջակցում են Արկտիկայում ՆԱՏՕ-ի ակտիվության աճին, «ներառյալ պլանավորումը, ներկայությունը, վարժանքները և համատեղ հետախուզական հավաքագրումը»։
Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգներին թույլատրվում է «արդիականացնել և ընդլայնել Գրենլանդիայում գտնվող Պիտուֆիկի ավիատիեզերական ռազմաբազայի գործունեությունը», ինչպես նաև ստեղծել լրացուցիչ «պաշտպանական գոտի» Նարսարսուակ բնակավայրում և Մեստերսվիգի ռազմական հենակետում՝ «կողմերի միջև համաձայնեցված պայմաններին և տեխնիկական մանրամասներին համապատասխան»։
«Միացյալ Նահանգները կարող է Գրենլանդիայում ստեղծել լրացուցիչ պաշտպանական գոտիներ և ուժեղացնել իր ռազմական գործողությունները կամ ռազմական կառույցները։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է որոշել Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքը, Գրենլանդիան և Ամերիկյան մայրցամաքը պաշտպանելու համար նոր պաշտպանական գոտի ստեղծելու անհրաժեշտությունը»,- նշվում է համաձայնագրում։
Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան ինքնաթիռները կարող են թռչել և վայրէջք կատարել ամբողջ Գրենլանդիայի վրայով, ներառյալ նրա տարածքային ջրերը, իսկ ԱՄՆ կառավարության նավերը կարող են մտնել Գրենլանդիայի տարածքային ջրեր ջրի տակ և նավարկել դրանցում առանց որևէ սահմանափակման, բացի համաձայնագրի կողմերի միջև համաձայնեցվածներից։
Միևնույն ժամանակ, ստորագրողները պարտավորվեցին համագործակցել Գրենլանդիայում լրտեսության դեմ պայքարում։
Նշվում է, որ Գրենլանդիայի համաձայնագիրը անորոշ ժամկետով է և կարող է փոփոխվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայն 1951 թվականի Պաշտպանության համաձայնագրի XIII հոդվածի։ Ապագայում Գրենլանդիայի անկախություն ստանալու դեպքում փաստաթուղթը պարտավորեցնում է Դանիայի և Գրենլանդիայի կառավարություններին երաշխավորել, որ կղզին կհամաձայնվի պահպանել կամ ստանալ անդամակցություն ՆԱՏՕ-ին և կկատարի Դանիայի կողմից գործող համաձայնագիրը ստորագրելիս ստանձնած բոլոր պարտավորությունները։