Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններին։
Նախագծով վարչապետի աշխատավարձը կհասնի 2 մլն 662 հազար 400 դրամի։
Նույն՝ 2 մլն 662 հազար դրամի սահմանագծին է հասնում նաև Հանրապետության նախագահի աշխատավարձը։
Փոխվարչապետների աշխատավարձը նախատեսվում է հասցնել 2 մլն 163 հազար դրամի, նույնքան կստանան նախարարներն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
ԱԺ նախագահը կստանա մոտ 2 մլն 496 հազար դրամ, փոխնախագահը՝ 2 մլն 163 հազար, պատգամավորը՝ 1 մլն 497 հազար 600 դրամ։
Եվ սա այն Հայաստանում, որտեղ, Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակված տվյալներով, բնակչության 21.7 տոկոսն աղքատ է։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձեւով է շնորհավորել համայնքապետ Գեւորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ եւ ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։
Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի եւ լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։
Թերթի աղբյուրներն ասում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում իշխանությունը «վիզ է դրել», որ Կապանը նոր համայնքապետ ունենա, ու ամեն գնով փորձելու են խլել «Կապանատան բանալին»:
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։
Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։
Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։
Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ այս օրերին Փաշինյանի մոտ մտնելու համար տարբեր մարդկանց է դիմել Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ասելով. «Ախպեր, կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ՝ ինչ կասեմ, որ ինքը Հայկին մոռանա ու թիմի իրական «օդիոզներով» զբաղվի»։
Բայց դեռ մերժումներ է ստանում, ոչ մեկը ռիսկ չի անում Փաշինյանի թուքումուրը ուտել Հայկի պատճառով»։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ նրա կինը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։
Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Ն․-ն, մոտ 3 շաբաթ առաջ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Կինը պատմել է, որ 2024 թվականին ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել։ Սակայն ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ 2024-ին կիրառված բռնությունների դեպքը չի հաստատվել։
Թերթին պատմեցին, որ դիրիժորը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել կնոջ դեմ՝ պնդելով, որ ինքն է ֆիզիկական բռնության ենթարկվել կնոջ կողմից»։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին օդերով է հանել նորելուկ պատգամավորներին եւ ոչ միայն։
«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք, ինչքա՞ն կարելի ա Ձեր ղալաթները ես մաքրեմ։ Մի՛ խոսացեք՝ դժվար ա՞»,- ասում են՝ վրդովված շեշտել է վերջինս ու թիմակիցներին զգուշացրել՝ կրկնվելու դեպքում դրան հաջորդելու են հետեւանքներ»։
-