Հանուն հաճույքի ընթերցանությունը կապված է հոգեկան լավ ինքնազգացողության, առավել մեծ կարեկցանքի, ինչպես նաև ճանաչողական խանգարումների ու դեմենցիայի ավելի ցածր ռիսկի հետ։ Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի հետազոտողները, որոնք մարդու առողջության վրա ընթերցանության ազդեցության մասին գիտական տվյալների ակնարկ են ներկայացրել։
Psychological Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքում գիտնականներն ընդգծում են, որ օգուտ կարող է բերել գործնականում ցանկացած ընթերցանություն՝ դասական գրականությունից մինչև կոմիքսներ և գրաֆիկական վեպեր։ Ընդ որում, համատեղ ընթերցանությունը, օրինակ՝ գրքի ակումբում կամ երեխայի հետ, հաղորդակցության շնորհիվ կարող է լրացուցիչ առավելություններ տալ։
Ազդեցությունը հատկապես նկատելի է երեխաների և դեռահասների շրջանում։ Ավելի քան 10 հազար երիտասարդների մասնակցությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր վաղ տարիքում են սկսել կարդալ հանուն հաճույքի, միջինում դրսևորել են ավելի լավ ուշադրություն, հիշողություն և կատարողական գործառույթներ, ինչպես նաև ավելի բարձր ակադեմիական արդյունքներ։ Նրանք նաև հոգեկան առողջությանն առնչվող ավելի քիչ խնդիրներ են ունեցել, ավելի շատ են քնել և ավելի քիչ ժամանակ անցկացրել էկրանների առջև։
Հետազոտողները նշում են, որ ընթերցանությունը նպաստում է ոչ միայն լեզվական հմտությունների զարգացմանը։ Այն միաժամանակ կարող է նպաստել մաթեմատիկայի հարցում հաջողություններին, քանի որ ընթերցանությունը և մաթեմատիկական խնդիրներն օգտագործում են որոշ ընդհանուր ճանաչողական գործընթացներ, ներառյալ հիշողությունը և կատարողական գործառույթները։
Չափահասների համար ընթերցանությունը նույնպես նպաստում է ինքնազգացողության բարելավմանը, սթրեսի նվազեցմանը և ավելի արդյունավետ հանգստին։ Բացի դրանից, հետազոտությունները մատնանշում են ընթերցանության և այլ մարդկանց զգացմունքներն ու տեսակետները հասկանալու մեծ կարողության միջև եղած կապը։
Հետազոտողները նաև տվյալներ են գտել այն մասին, որ ընթերցանությունը կարող է կապված լինել ուղեղի կառուցվածքի փոփոխությունների հետ։