Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:12 10-09-2026

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի կամ խողովակաշարի. Անանյան

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին: Գրել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։

«Հայաստանի հարավում կարող է մեկնարկել մի գործընթաց, որի վերջնական պայմանները հանրությունից թաքցված են, բայց հետևանքները տասնամյակներով վերաբերելու են մեր տարածքին, անվտանգությանը և ինքնիշխանությանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատումը պետք է սկսվի Հայաստան–Ադրբեջան–Վրաստան սահմանների հատման կետից և շարունակվի հյուսիսից հարավ։ Սա նոր պայման չէ, քանի որ այն երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են դեռ 2025 թվականի հունվարին։

Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ TRIPP-ի արագ իրականացման համար այդ հերթականությունից շեղում լինի, և արտահերթ սահմանազատվեն այն հատվածները, որտեղով պետք է անցնեն երկաթուղին, նավթամուղը կամ գազամուղը։

Այսինքն՝ պետական սահմանի որոշման տրամաբանությունը կարող է ենթարկվել ոչ թե Հայաստանի ամբողջական անվտանգային օրակարգին, այլ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծի ժամանակացույցին։ Ընդ որում՝ դեռ 2025 թվականի սեպտեմբերին հայկական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել էին սահմանազատման, ականազերծման ու հաղորդակցությունների կառուցման աշխատանքները համաժամանակեցնելու հարցը։

Առավել վտանգավոր սցենարն այսպիսին է․

1. TRIPP-ի արագ մեկնարկի համար արտահերթ սահմանազատվում է հարավային ռազմավարական հատվածը։

2. Հայաստանը պետականացնում կամ օտարում է անհրաժեշտ հողերը և դրանք երկարաժամկետ օգտագործման է տրամադրում հայ–ամերիկյան ընկերությանը։

3. Ադրբեջանը ստանում է դեպի Նախիջևան գործնական կապ, մինչ Հայաստանի փոխադարձ երթուղիները մնում են հետագա քաղաքական որոշումներից կախված։

4. Ադրբեջանի ուժերի՝ Հայաստանի մյուս տարածքներից դուրսբերումը չի համաժամանակեցվում այս գործընթացի հետ։

5. Բաքուն, ստանալով ենթակառուցվածքային հիմնական արդյունքը, շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Սա, բնականաբար, անխուսափելի ելք չէ, քանի որ այս պահին չկա որևէ ապացույց, որ նոր տարածքային զիջում կա արդեն համաձայնեցված։ Բայց հրապարակային երաշխիքների բացակայության, Տավուշի միակողմանի սահմանազատման կատարման նախադեպի և Ադրբեջանի չվերացված պահանջների պայմաններում սա միանգամայն իրական ռիսկ է։

Ուստի Կառավարությունից և սահմանազատման հանձնաժողովից պետք է պահանջել հրապարակել՝

1. առաջին սահմանազատվող հատվածներն ու կիրառվող քարտեզները,

2. TRIPP-ի համար հերթականությունից շեղվելու պաշտոնական որոշման առկայությունը,

3. սահմանազատման և ադրբեջանական ուժերի դուրսբերման համաժամանակեցման ծրագիրը,

4. հարավային երթուղու քարտեզն ու ազդակիր հողերի ցանկը,

5. սեփականատերերի փոխհատուցման կարգը,

6. կառավարող ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը,

7. հայկական և ադրբեջանական փոխադարձ տարանցման հավասար պայմանները,

8. մասնավոր օպերատորների ու անվտանգության ծառայությունների լիազորությունները,

9. Իրանի և Վրաստանի հետ փաստաթղթավորված պայմանավորվածությունները,

10. երաշխիք, որ Սահմանադրության փոփոխությունը չի դառնա Ադրբեջանի պահանջի կատարման միջոց։

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին, իսկ ազգային շահը՝ բացատրվել արդեն կատարված քայլերից հետո։

Նախ պետք է հրապարակվեն քարտեզներն ու պարտավորությունները, ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը և իրական փոխադարձությունը։ Միայն դրանից հետո կարելի է կառուցել ճանապարհներ։

Հակառակ դեպքում «խաղաղության ենթակառուցվածք» անվան տակ Հայաստանը հերթական անգամ նախապես կատարելու է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանին տալու է պահանջված ռազմավարական արդյունքը՝ դիմացը ստանալով ոչ թե երաշխավորված խաղաղություն, այլ նոր պահանջների հաջորդ փաթեթը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան