2026 թվականի հուլիսի 31-ին Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ նիստում միաձայն հաստատվել է համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծը։ Ախուրյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 13 գյուղերում՝ Առափիում, Երազգավորսում, Գետքերում, Բենիամինում, Լեռնուտում, Կապսում, Կարմրաքարում, Կրաշենում, Հովիտում, Հովունիում, Ղարիբջանյանում, Մեծ Սարիարում և Փոքրաշենում, մանկապարտեզներ չեն գործում։
Ախուրյան համայնքում գործում է 3 մանկապարտեզ, իսկ համայնքի մյուս 19 բնակավայրերում՝ 1։ Այսինքն` համայնքում գործող բոլոր 22 մանկապարտեզները կդառնան անվճար։ Սակայն Ախուրյանի ավագանու որոշումն արդեն քննարկումների առիթ է դարձել, հատկապես հաշվի առնելով, որ այն ընդունվել է ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ։
- Պարոն Մանուկյան, ՏԻՄ ընտրություններից մոտ երկու ամիս առաջ որոշում ընդունվեց Ախուրյան համայնքի բոլոր գործող մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս սոցիալական նախաձեռնությունը չէր իրականացվել ավելի վաղ և ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ։
Հաջորդ տարվա բյուջեն դեռ պարզ չէր։ Երբ պարզ դարձավ, որ համայնքի տարեկան բյուջեն դոտացիաների հաշվին ավելացել է շուրջ 350 միլիոն դրամով, մեր հաշվարկները ցույց տվեցին, որ մանկապարտեզներն անվճար դարձնելը լրացուցիչ ծանր բեռ չի դառնա համայնքային բյուջեի համար։ Բացի այդ, այս տարվա ընթացքում ունեցել ենք նաև խնայողություններ, ինչի արդյունքում կարողացել ենք արդեն այս տարվանից մանկապարտեզներն անվճար դարձնել։ Սա բացարձակապես որևէ կապ չունի ՏԻՄ ընտրությունների հետ։
- Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ընտրություններից առաջ նման սոցիալական նախաձեռնությունը կարող է ընկալվել որպես ընտրողների վրա ազդելու փորձ։
Եթե սա դիտարկում ենք որպես ընտրողների վրա ազդելու փորձ, ապա նույն տրամաբանությամբ կարելի է որպես ազդեցության միջոց դիտարկել նաև այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են այս տարիների ընթացքում։
- Նախքան որոշումն ընդունելը ուսումնասիրե՞լ եք, թե մանկապարտեզներն անվճար դարձնելու արդյունքում որքան երեխա կարող է ավելանալ հաճախողների թվին։
Նախնական տվյալներով՝ մանկապարտեզներ հաճախում է շուրջ 1000 երեխա։ Համայնքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն եղել երեխաներ, որոնք միայն վարձավճարը չկարողանալու պատճառով չեն հաճախել մանկապարտեզ։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հաճախողների թվի զգալի աճ կունենանք։
- Որքա՞ն գումար է անհրաժեշտ տարեկան բոլոր 22 մանկապարտեզներն անվճար պահելու համար։ Եվ ի՞նչ երաշխիք կա, որ ծրագիրը կշարունակվի նաև 2027 թվականին և չի դադարեցվի ընտրություններից հետո։
Միանշանակ չի դադարեցվի։ Վերջին երեք տարիների ընթացքում համայնքի բյուջեն մշտապես աճ է գրանցել, իսկ եթե աճ չի եղել, ապա առնվազն պահպանվել է նախորդ տարվա մակարդակում։ Այս պահին մենք որևէ խնդիր չունենք այդ ծախսերը հոգալու հարցում։ Մանկապարտեզներն անվճար պահելու տարեկան ընդհանուր ծախսը մոտավորապես 50 միլիոն դրամ է կազմում։
- Ախուրյան համայնքի ոչ բոլոր բնակավայրերում մանկապարտեզ կա։ Ստացվում է՝ անվճար ծառայությունից օգտվելու հնարավորություն ունեն միայն այն ընտանիքները, որոնց բնակավայրերում մանկապարտեզ է գործում։ Ի՞նչ լուծում եք առաջարկում մյուս բնակավայրերի երեխաների համար։
Այն բնակավայրերից, որտեղ նախակրթարան կամ մանկապարտեզ չկա, համայնքի միջոցներով երեխաներին տեղափոխում ենք հարևան այն բնակավայրեր, որտեղ գործող մանկապարտեզ կա։ Այսինքն՝ երեխաների տեղափոխման ծախսերը հոգում է համայնքը։
Անահիտ Չալիկյան