copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:45 18-10-2024

«Պոզով-պոչով» կոռուպցիա՞, թե՞ բարեգործություն․ Վահե Գրիգորյանի կնոջ շռայլ վարձատրությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ այցելել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Այս ընկերությունը վերջերս կառավարության կողմից արտոնություն է ստացել։


Փաշինյանի այցից հետո հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հիշյալ ընկերությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կնոջը՝ Ծովինար Բաբայանին, 7․400․000 դրամի չափով գումար է հատկացրել՝ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ։ Նա տեղեկացրել էր նաև, որ Ծովինար Բաբայանն իր հայտարարարգրում այդ ընկերության բաժնետոմսեր կամ բաժնեմաս չի հայտարարագրել։

Oragir.News-ն ուսումնասիրեց ՍԴ դատավորի կնոջ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, որի արդյունքում պարզեց, որ թեև նա իր տարեկան եկամուտների շարքում «Ռենդերֆորեսթ» ընկերությունից ստացած 7․4 մլն դրամ եկամուտը, սակայն, ինչպես Էդգար Ղազարյանն էր նշել, նա հիշյալ ընկերությունում բաժնետոմսեր կամ բաժնեմաս չի հայտարարագրել։


«Ռենդերֆորեսթ» ընկերության մասին ոչինչ չի նշվում նաև Վահե Գրիգորյանի հայտարարագրում։ Նրա հայտարարագրի շահերի բաժնի «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» ենթաբաժնում նշված է, որ AC Fund I և MO Fund I ընկերությունները, որոնք Փաշինյանի կառավարությունից արտոնություն ստացած և ՍԴ դատավորի կնոջը նման խոշոր եկամուտ վճարած «Ռենդերֆորեսթ» ընկերության հետ առնչություն չունեն։


Հետաքրքրական է, թե այս իրավիճակին ինչպես կարձագանքեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին որևէ իշխանության օրոք Սահմանադրական դատարանի դատավորի կինը որևէ ընկերությունից նման խոշոր եկամուտ ստանար՝ առանց այդ ընկերությունում մասնաբաժին հայտարարագրելու։ Քանի որ հանրությունն արդեն 6 տարի է զրկվել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արդարացի քննադատությունները լսելու իրավունքից, իսկ վարչապետ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված, ապա կարող ենք ենթադրել, որ ընդդիմադիր Փաշինյանը այս երևույթը խստորեն կքննադատեր, այն կհամարեր քաղաքական կոռուպցիայի ակնհայտ դրսևորում, գուցե նաև հարցներ՝ կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում։

Չենք բացառում նաև, որ ընդդիմադիր Փաշինյանը կպնդեր, որ կառավարությունն անուղղակի՝ իր կողմից արտոնություն ստացած ընկերության միջոցով, Բարձր դատարանի դատավորի կնոջը նման խոշոր վճարելով կաշառում է վերջինիս դատավոր ամուսնուն, որպեսզի վերջինս էլ լեգիտիմացնի ենթադրաբար կեղծված ընտրությունների արդյունքները։

Դժվարանում ենք ասել՝ Վահե Գրիգորյանի կնոջ նման շռայլ վարձատրությունը պոզով-պոչով կոռուպցիայի՞ դրսևորում է, թե՞ զուտ բարեգործություն, սակայն ակնկալում ենք, որ Բարձր դատարանի դատավորը հանրության համար կպարզաբանի՝ իր կինը ինչպե՞ս է նման խոշոր եկամուտ ստացել մի ընկերությունից որտեղ մասնաբաժին չունի և հատկապես ի՞նչ նպատակով է այդ եկամուտը նրան վճարվել։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ճանաչել էր Սահմանադրությանը համապասխանող՝ փաստացի չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը։ Վահե Գրիգորյանը ոչ միայն կողմ էր արտահայտվել Անկախության հռչակագրի չեղարկմանը, այլև հատուկ կարծիք էր ներկայացրել, որում փորձել էր հիմնավորել դրա անհրաժեշտությունը։

Մյուս կողմից՝ 2023 թվականին Վահե Գրիգորյան-Ծովինար Բաբայան ամուսինները բավականին մեծ եկամուտներ են ունեցել, որոնք առավել մանրամասն կներկայացնենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Ընթերցողը հաստատապես հիշում է, որ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի այն դատավորն էր, ով 2019-ի հունիսի 18-ին ԱԺ-ում դատավոր ընտրվելուց հետո ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահ, 1 տարի շարունակ չմասնակցեց ՍԴ-ի նիստերին, բայց միևնույն ժամանակ շարունակում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվի միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգևավճար ստանալ, ինչպես նաև օգտվել ծառայողական մեքենայից։ Գրիգորյանը ՍԴ-ի աշխատանքներին սկսեց մասնակցել միայն 2020-ի հունիսից հետո, երբ ԱԺ-ում իմքայլական պատգամավորները պաշտոնանկ արեցին ՍԴ 3 դատավորներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին էլ հեռացրեցին բարձր դատարանի նախագահի պաշտոնից։