36 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որին կատարվող հղումն առաջիկայում կփորձեն հանել ՀՀ Սահմանադրությունից։ Ինչո՞ւ ընդունվեց այս փաստաթուղթը, որին արվող հղումն ուզում է հանել Նիկոլ Փաշինյանը։
Բոլորը գիտեն Անկախության հռչակագրի ընդունման մասին պաշտոնական պատմությունը։ Բայց իրական պատմությանը ոչ բոլորն են ծանոթ։
Խորհրդային բռնազավթման տարիներին ընտրություններին առաջադրվում էր մեկ թեկնածու, որն էլ, բնականաբար, ընտրվում էր։ 1990-ի մայիսի 20-ին և հունիսի 3-ին Գերագույն խորհրդի ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին համաժողովրդական շարժման մասնակիցները, ազգային կուսակցությունների թեկնածուները։ Ընտրությունները մեծամասնական կարգով էին։ Այսինքն՝ առաջադրվում էին անհատներ տարբեր կազմակերպությունների կողմից։ Ժողովուրդը գիտեր, թե ով ով էր, և ընտրում էր շարժման մասնակիցներին, ազգային գործիչներին։ Նրանց շարքերում կային անկախության ջատագովներ, որոնք պահանջում էին նորընտիր ԳԽ-ից, որ Հայաստանը հռչակվի անկախ։
Հիշեցնենք, որ այդ ժամանակ արդեն Սառը պատերազմն ավարտվել էր ԽՍՀՄ-ի պարտությամբ։ Բեռլինի պատը քանդվել էր։ Արևելյան Եվրոպայի երկրներն ազատագրվել էին խորհրդային բռնազավթումից և իրապես անկախացել։ Անկախություն էր հռչակել Լիտվան։ Հայ անկախական ուժերը ևս պայքարում էին, որ Հայաստանն անկախանա, դուրս գա ԽՍՀՄ կազմից։
Սակայն Գերագույն խորհրդի նորընտիր դեպուտատներից ոչ բոլորն էին անկախության կողմնակից։ Կոմունիստների մեծ մասը դեմ էր։ Ոչ կոմունիստների շարքում ևս բազմաթիվ դեպուտատներ կարծում էին, թե պետք է դանդաղ շտապել։ Ոմանք իսկապես վախենում էին Ռուսաստանի գազանությունից՝ կարծելով, թե եթե անկախություն հռչակենք, ապա ռուսները տանկեր կմցնեն քաղաք, ժողովրդին կճզմեն, քաղաքական առաջնորդին կառևանգեն, կտանեն Մոսկվա ու կգնդակահարեն, ինչպես Հունգարիայում 1956-ին։
Անկախության ջատագովներն առաջարկում էին, որ դեպուտատները ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ծրագրով առաջնորդվեն, այսինքն՝ կազմակերպեն անկախության հանրաքվե, որի արդյունքների վրա հիմնվելով էլ Հայաստանը դուրս կգա ԽՍՀՄ կազմից։ Բայց նույնիսկ այս սահմանադրական ճանապարհով գնալուց էր վախենում դեպուտատների մեծ մասը։
Սա էր պատճառը, որ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը անկախ չհռչակեց, Անկախության հանրաքվեի օր չնշանակեց, այլ ընդունեց բազմանշանակ մի փաստաթուղթ. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը… հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։ Այսինքն՝ օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր անկախության գործընթաց սկսելու մասին», քանի որ դեպուտատները չէին ուզում կամ վախենում էին Հայաստանը հռչակել անկախ։
Այսպիսի՝ գործընթացի սկիզբ ազդարարող մեկ այլ փաստաթուղթ էլ ընդունվեց անցյալ տարի։ 2025-ի մարտի 26-ին ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը, որը գործնական նշանակություն չունի։ 1990-ին հռչակվեց գործընթացի սկիզբ, 2025-ին՝ գործընթացի մեկնարկ։Նմանությունն ակնհայտ է նաև կիրառության մեջ։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ասաց, որ ԵՄ-ին անդամակցելու հարց գոյություն չունի, իսկ ԵՄ երկրներում ասում է, թե ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու գործընթաց է սկսել։ Նույն կերպ 1990-ի օգոստոսի 23-ից հետո նոր դեպուտատները Մոսկվայում ասում էին, թե Սովետից անկախանալու օրակարգ չունեն, իսկ Արևմուտքում ասում էին, թե Հայաստանն անկախության գործընթաց է սկսել։
Օգոստոսի 23-ի հռչակագիրը ընդունումից մոտ մեկ տարի անց արհամարհվեց։ Հայաստանն անկախացավ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Սեպտեմբերի 21-ին Արցախում ընտրական տեղամասեր չբացվեցին։ Այսինքն՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեն շրջանցեց օգոստոսի 23-ի հռչակագիրը, հաշվի չառավ նրա կարևոր կետերից մեկը Դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մասին։ Սեպտեմբերի 21-ն է Հայաստանի անկախության օրն է։ Օգոստոսի 23-ն ազգային օրացույցում չկա։ Սակայն հետո Սահմանադրության նախաբանում տեղ գտավ այս հռչակագիրը։ Այդու սկսեց կոչվել ոչ թե «Հռչակագիր անկախության գործընթաց սկսելու մասին», այլ «Անկախության հռչակագիր»։ Հիմա այն փոխաբերաբար անվանում են ՀՀ ծննդյան վկայական։ Ցավոք, այն կհանվի Սահմանադրությունից։ Այդ մասին օգոստոսի 11-ին հայտարարեց նաև ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը օրեր առաջ ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Թաթուլ Մկրտչյան