Ներքին 38 րոպե առաջ - 17:06 21-08-2026

Կառավարության ծրագրում խոսք չկա ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող շուրջ 250 քկմ-ի մասին

ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում խոսք չկա 2020-2023թթ. Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ շուրջ 250 քկմ զավթած տարածքների վերադարձի մասին։

Ծրագիրը շեշտադրում է, որ Հայաստանն իր գործառույթներն իրականացնում է բացառապես իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածքում։ Որպես արտաքին անվտանգության առաջնային գործիք՝ ամրագրված է տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով (նախկին Խորհրդային Միության Հայկական ԽՍՀ սահմաններով)։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ներկայացված է որպես Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ամրապնդման և հետագա ինստիտուցիոնալացման առանցքային ուղղություն։

Նախատեսվում է իրականացնել ՀՀ սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում՝ սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով։ Սրա զուգահեռ նշվում է, որ փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով։

Համեմատության համար կառավարության նախորդ՝ 2021-2026թթ. ծրագրում սահմանազատումն ու սահմանագծումն էական էին համարվում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանների պարագայում։ Իսկ 2026-2031թթ. ծրագրում շեշտադրումն արվում է բացառապես Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների շարունակության վրա։

Նախորդ ծրագրում ևս նախատեսվում էր, որ սահմանների պահպանությունը բանակից պետք է անցնի սահմանապահ զորքերին։ Այնուամենայնիվ, 2021-2026թթ. ծրագրում նշվում էր, որ պետական սահմանի մի շարք հատվածների պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները, և նախատեսվում էր ընդլայնել նրանց ներգրավվածությունը։ 2026-2031թթ. ծրագրում այլևս չի հիշատակվում ռուսական կողմի ներգրավվածությունը. փոխարենը շեշտադրվում է ԵՄ և միջազգային չափորոշիչներով սահմանների համալիր կառավարումը և սահմանապահ ծառայության փոխակերպումը։