Ներքին 1 ամիս առաջ - 10:08 19-08-2026

Վարորդական իրավունք ստանալու քննությունից առաջ ավտոդպրոցում սովորելը պարտադիր կլինի․ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:

Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։

Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։

Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։

Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ, մասնագիտական և անվտանգ վարորդական կրթության համակարգ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան