Զվարթնոց միջազգային օդանավակայանում գործող Fast Track ծառայության վերաբերյալ համացանցում քաղաքացիները մի շարք հարցեր են բարձրացնում։
Խոսքն այն ծառայության մասին է, որը հնարավորություն է տալիս ուղևորներին վճարի դիմաց շրջանցել անձնագրային հսկողության հերթը։
Քաղաքացիների ուշադրությունը հատկապես գրավել է այն հանգամանքը, որ օդանավակայանում հերթերը երբեմն կարող են բավական երկար լինել, մինչդեռ վճարովի ծառայությունից օգտվող ուղևորները հնարավորություն են ստանում սպասարկվել առանց ընդհանուր հերթում երկար սպասելու։ Այս համատեքստում քաղաքացիները ցանկանում են պարզաբանումներ ստանալ ծառայության պայմանների և դրա կիրառման սկզբունքների վերաբերյալ։
Մասնավորապես, հարց է բարձրացվում՝ ճի՞շտ է արդյոք, որ Fast Track ծառայության միջոցով քաղաքացին վճարում է 10 հազար դրամ և հնարավորություն ստանում շրջանցել ժամերով սպասող հերթը։
Միաժամանակ հարց է առաջանում արտոնությունների վերաբերյալ․ըստ տեղեկությունների՝ մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքների համար Fast Track ծառայությունն անվճար է, մինչդեռ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց կամ ավելի մեծ երեխաներ ունեցող ընտանիքների համար նման արտոնություն նախատեսված չէ։
Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այս տարբերակումը, և ինչ չափորոշիչներով են սահմանվել արտոնություններից օգտվող խմբեր։
Oragir.News-ը «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից վերոնշյալ հարցերի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ։ Ինչպես նաև փորձեցինք ճշտել՝ ո՞վ է ստանում Fast Track ծառայությանից գոյացած հասույթը՝ օդանավակայանը, պետական բյուջեն, սահմանային վերահսկողության մարմինը, թե՞ այլ կազմակերպություն։
Մեր հարցմանն ի պատասխան, «Զվարթնոց»-ից պատասխանեցին հետևյալը․ ««Զվարթնոց» օդանավակայանում գործող Fast Track («Արագընթաց ուղի») ծառայություն է այն ուղևորների համար, ովքեր ցանկանում են ավելի արագ սպասարկում ստանալ և անձնագրային հսկողության գոտիների հերթերում չկանգնել: Ծառայության արժեքը 9,000 ՀՀ դրամ է։
Միևնույն ժամանակ, «Զվարթնոց» օդանավակայանում գործում է արտահերթ սպասարկման առանձին և անվճար գիծ, որը նախատեսված է հետևյալ կատեգորիայի ուղևորների համար՝ հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, հղի կանայք, մինչև 2 տ․ երեխաներն (իրար հետ ճանապարհորդող ուղևորների հետ), դիվանագիտական անձնագրով ուղևորներ:
Սա լայնորեն կիրառվող միջազգային պրակտիկա է և գործում է աշխարհի բազմաթիվ ծանրաբեռնված օդանավակայաններում՝ որպես լրացուցիչ ծառայություն այն ուղևորների համար, ովքեր նախընտրում են ավելի արագ անցնել սահմանային և անձնագրային հսկողության ընթացակարգերը։ Սահմանված վճարը պետական տուրք չէ, այլ մատուցված ծառայության վճար, որը փոխանցվում է օդանավակայանին»։
Այսպիսով, «Զվարթնոցի» պատասխանը դասական «իդեալական պաշտոնեական» տեքստ է, իսկ երբ համադրում ենք քաղաքացիների պատմածի և զգացածի հետ, լրիվ այլ պատկեր ենք ստանում։ Վերջիններիս խոսքով՝ օդանավակայանի սրահում տիրող քաոսն ու անվերջանալի հերթերն անպատմելի են։
Հասմիկ Մովսիսյան