Ներքին 59 րոպե առաջ - 21:13 31-07-2026

Լրագրողական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ

«Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում, որը վերաբերում է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությանը խորհրդարանում։ Փաստաթուղթն իր ոչ հստակ ձևակերպումներով և անընդունելի արգելքներով արդեն իսկ մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում։

Ըստ էության, նոր կանոնները շարունակում և ավելի են խստացնում այն սահմանափակումները, որոնք առկա էին 2019թ․ փետրվարի 12-ին ընդունված համապատասխան որոշման մեջ և զարգացվեցին ուղիղ 5 տարի առաջ՝ 2021 թվականի այս օրերին, տվյալ փաստաթղթի 1-ին հավելվածում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Հիշեցնենք, որ դրանց հիման վրա ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և գործունեություն ծավալելու առումով այնպիսի արգելքներ կիրառվեցին, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության մեջ։ Ընդ որում, առնվազն տարակուսելի է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ այդ որոշումները չեն քննարկվել լրատվամիջոցների և լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ։

Այս պահին արդեն անիմաստ համարելով հին ու նոր կանոնների համադրումն ու տարբերությունների վերհանումը՝ անդրադառնանք միայն վերջին որոշման՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշ դրույթների։ Օրինակ, խիստ խնդրահարույց է փաստաթղթի 1․6 կետը, որը մասնագիտական գործունեություն իրականացնելու՝ տարածքային սահմանափակումներից զատ, նախատեսում է, որ «հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ», ավելին՝ այդ լրագրողները պետք է նախօրոք ցուցակագրվեն, իսկ այդ ցուցակը նիստից առնվազն 2 ժամ առաջ պետք է հանձնվի ԱԺ գլխավոր քարտուղարին:

Սա կամայական որոշումների լայն դաշտ է բացում հանձնաժողովների նախագահների համար։ Կամ ինչպե՞ս կարելի է հիմնավորել այն, որ ըստ 6․16 կետի՝ ԱԺ «դռնբաց նիստերի ժամանակ նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տրված ցուցակով ներկայացված անձինք», այսինքն՝ արդեն հավատարմագրված լրագրողները մամուլի օթյակ մտնելու ու աշխատելու համար պետք է լրացուցիչ ցուցակագրվե՞ն։ Ինչո՞ւ և ի՞նչ պարբերականությամբ։

Անընդունելի է նաև, որ ԱԺ-ում արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս կարգավորումը նախկինում էլ է կիրառվել և արժանացել է Տեղեկատվական վեճերի խորհրդի քննադատությանը․ դրույթի ձևակերպումը լայն է և անորոշ, այն չի փոխհավասարակշռում տեղեկություններ ստանալու հանրային շահը անվտանգության աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարման և անձնական կյանքի հարգման իրավունքի հետ։ Հետևաբար, ըստ փորձագիտական խմբի, տվյալ դրույթն իրավաչափ չէ։

Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս եղել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։

Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խնդրահարույց դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող երաշխիքներին։ Ուստի ընտրվելիք 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

կասեցնել «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերաբերող դրույթների գործողությունը,

նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու այդ դրույթներում առկա խնդիրների համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»։

Ձեզ գուցե հետաքրքրի