Ներքին 2 ամիս առաջ - 15:29 31-07-2026

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը կբարձրացվի մինչև 45 տարեկան

Հայաստանում նախատեսվում է ընդլայնել որոշ զինծառայողների՝ բարձրագույն ռազմական կրթական ծրագրերով ուսումնառության հնարավորությունները՝ ընդունելության տարիքային առավելագույն շեմը սահմանելով 45 տարեկան։ Պաշտպանության նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է գումարտակների, դիվիզիոնների և էսկադրիլիաների հրամանատարների ու նրանց տեղակալների համար բարձրագույն ռազմական կրթական ծրագրերի ընդունելությանը մասնակցելու տարիքային առավելագույն շեմը 37-ից բարձրացնել մինչև 45 տարեկան։

Ընդունելության կարգով նախատեսված մեկ այլ խմբի համար սահմանված 40 տարեկանի շեմը ևս առաջարկվում է բարձրացնել մինչև 45 տարեկան։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է արհեստավարժ զինված ուժերի ձևավորման և ռազմական կրթության զարգացման անհրաժեշտությամբ։ Նոր կարգավորումը համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին հնարավորություն կտա ավելի բարձր տարիքում ևս մասնակցել ռազմական կրթական ծրագրերի ընդունելությանը։

Միաժամանակ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը կհամապատասխանեցվի 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։

Մասնավորապես՝ ռազմական կրթական ծրագրերը կհամապատասխանեցվեն բարձրագույն կրթության առաջին, երկրորդ և երրորդ մակարդակներին։ «Հետբուհական կրթություն» ձևակերպումը կփոխարինվի «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակ» հասկացությամբ, որը նախատեսում է ռազմական կրթական ծրագրով ուսումնառություն՝ համապատասխան ոլորտում գիտական աստիճանի շնորհմամբ։

Որոշ ծրագրերում կներառվեն նաև մարտավարական և ռազմավարական որակավորումները։ Ընդունելության կարգի առանձին դրույթներում զինծառայողների հետ միասին կնշվեն նաև իգական սեռի քաղաքացիները։
Նախատեսվում է հստակեցնել նաև ընդունելության արդյունքների բողոքարկման կարգը՝ սահմանելով, որ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի և պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնի։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ