ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հեռախոսազրույցում հայտարարել է, որ համոզված չէ, թե արդյոք թույլ կտա Ուկրաինային հրթիռներ արտադրել Patriot զենիթահրթիռային համակարգերի համար։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ Թրափը նշել է այն փաստը, որ սրանք բացարձակապես բացառիկ զենքեր են, և իրենք պետք է մի փոքր զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք տալիս լիցենզիան։ Իրենք, որպես կանոն, նման սարքավորումների արտադրության լիցենզիաներ չենք տրամադրում։
Patriot-ի հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու նախնական խոստումը տրվել էր հուլիսի սկզբին Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։
Հարցը քննարկվել էր նաև Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպման ընթացքում։
Զելենսկին այդ զինամթերքի ստացումը համարում է կենսական նշանակության խնդիր՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումները հետ մղելու և Կիևն ու այլ քաղաքները պաշտպանելու համար։
Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն անվանել էր բավականին լավ՝ հավելելով, որ Թրամփն ընդունել էր լիցենզիաներ տրամադրելու առաջարկը։
Թրամփին նման քննարկման մեջ ներգրավելն ինքնին նշանակալի ձեռքբերում էր Ուկրաինայի նախագահի համար։
Բացի այդ, Թրամփը հաստատել է, որ առաջիկա օրերին իր հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Ուկրաինա։
Սա կլինի նրանց առաջին այցը Կիև՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո։
Թամարա Քալանթարյան