Ներքին 1 ժամ առաջ - 20:12 29-07-2026

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսեցին նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։

Մինչ այս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Ռոստոմյանը: