Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչների ներդրումից հետո ՆԳՆ-ն չի ակնկալում, որ դրանք կդառնան վերավաճառքի կամ «սև շուկայի» առարկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։
Անդրադառնալով
Oragir.News-ի հարցին, թե արդյոք կա՞ վտանգ, որ քաղաքացիները կձեռք բերեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ դրանք հետագայում ավելի բարձր գնով վերավաճառելու նպատակով, Մարանդյանն ասաց, որ նման մտահոգության գործնական հիմքեր չեն տեսնում։ «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում նման մտահոգություն այս պահին չունենք»,- նշեց նա։
Միաժամանակ պաշտոնյան պարզաբանեց, որ եթե որևէ անձ հրաժարվի արդեն ձեռք բերած համարանիշից, այն կրկին կտրամադրվի միայն օրենքով սահմանված նույն գնով։ Տիգրան Գևորգյանն էլ հավելեց, որ նման գործարքների տնտեսական տրամաբանությունը դժվար է տեսնել, քանի որ նույն կամ համանման թվային համադրությամբ համարանիշերը հնարավոր կլինի ձեռք բերել պետության կողմից սահմանված ֆիքսված գնով։
«Եթե համանման համադրությունը հնարավոր է օրինական ճանապարհով ձեռք բերել, օրինակ, 8 միլիոն դրամով, ինչո՞ւ որևէ մեկը պետք է այն գնի ավելի բարձր գնով։ Այդ բիզնես տրամաբանությունը ես չեմ հասկանում»,- ասաց նա։ Միաժամանակ պաշտոնյաները չբացառեցին, որ բացառիկ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է եզակի համարանիշի, կարող են առաջանալ մասնավոր պայմանավորվածություններ, սակայն ընդգծեցին, որ նախարարությունը համակարգային ռիսկ կամ «սև շուկայի» ձևավորման վտանգ չի տեսնում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր փոփոխությունների վերաբերյալ։
Հասմիկ Մովսիսյան