Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:30 06-07-2026

Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ն հալածանք է սկսել ընդդիմության դեմ և այդ մասին բացահայտ հայտարարում է։

«Դա նրանց չի փրկելու, բոլոր ընտրակեղծարարները, կոռուպցիոներները, տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել, հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը։ Սպասում ենք»,- հուլիսի 5-ին ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի՝ «Ուժեղ Հայաստան»-ի մանդատները վերցնելու հայտարարությանը։

Սա բլե՞ֆ է, թե՞ ընդդիմությանն իրոք ոչնչացնելու խնդիր կա։

Հանրային խոսույթում ավելի է տարածվում այն կարծիքը, թե սա ծրագրված բռնաճնշում է ընդդիմության դեմ և կապ չունի կեղծարարների, կոռուպցիոներների ու ռուսական գործակալների դեմ օրինական պայքարի հետ։

Ընդդիմության ներկայացուցիչները ընտրակեղծիքների մասին բազմաթիվ փաստեր ու վկայություններ բերեցին ՍԴ-ում անցած օրերին։ Եթե ՔՊ-ն ընտրակեղծիքների դեմ պայքարող լիներ, ապա ՍԴ-ում ներկայացված փաստերով վարույթներ կհարուցվեին, և ընտրակեղծարարները կպատժվեին։ Այդպիսի ընթացք չկա։ Ընտրակեղծիքների դեմ պայքար չկա։

ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու խնդիր էլ, ենթադրաբար, չունի։ Նույնիսկ եթե ունենա, ապա դա կվերաբերի իշխանություններին, ոչ թե ընդդիմադիր գործիչներին։

Ռուսական գործակալների դեմ պայքարի խնդիր էլ չկա ՔՊ-ի ծրագրում։ 64 մանդատ ունեցող ՔՊ-ն լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ չունի։ ՔՊ-ական պատգամավորները չեն խոսել և չեն խոսում այն մասին, որ մտադիր են լյուստրացիայի մասին օրենք ընդունել, որ օրենքով ռուսական գործակալները զրկվեն քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված բազմաթիվ երկրներ ընդունել են այսպիսի օրենք և լուծել խնդիրը։ ՔՊ-ն այսպիսի օրենք ընդունելու կամք չունի։ Նախընթաց 8 տարիներին ՀՀ-ում ռուսական լրտես չի ձերբակալվել, չի արտաքսվել՝ ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։

Այսպիսով՝ պարզ է, որ ՔՊ-ական իշխանությունները ռուսական գործակալների, կոռուպցիոներների և ընտրակեղծարարների դեմ պայքարելու խնդիր չունեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են հալածում ընդդիմադիր գործիչներին։

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է պատերազմական օրենքներով։ Եվ հունիսի 7-ի հաղթանակից հետո նա պարտվողներից շատ մեծ ռազմատուգանք է պահանջում։ Գործի է դրվում իրավապահ համակարգը, տարբեր հիմքերով վարույթներ են հարուցվում, խուզարկություններ են իրականացվում, մարդկանց նյարդայնացնում են այնքան, մինչև գործարար ընդդիմադիրները կվճարեն կոնտրիբուցիան։ Դրանից հետո, ենթադրաբար, հալածանքները միառժամանակ կդադարեն։

Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, հավանաբար, հենց այս մասին է։ Այն պարունակում է սպառնալիք։ Ենթադրելի է, որ մեծահարուստ ընդդիմադիր գործարարները կվախենան, կվճարեն ռազմատուգանքը և որոշ ժամանակ կազատվեն հետապնդումներից։ Այսինքն՝ իշխանությունները ընդդիմադիր ուժերին ոչնչացնելու խնդիր իրականում չունեն։ Նրանք ընդամենը սպառնում են, պատրանք ստեղծում, թե պայքարում են ընդդիմության դեմ, որ ժողովուրդն ու աշխարհը հավատան, թե իրական դիմակայություն կա, իսկ գործարարներն էլ վախենան ու մուծվեն։

Կարճ ասած՝ ԱԺ անցած ռուսամետ ընդդիմադիր ուժերին ոչնչացնելու խնդիր գոյություն չունի։ Փաշինյանը մեծ մանիպուլյացիաներով է ձևավորել այս ընդդիմությունը, ստիպել գործարարներին, որ բիզնեսը թողնեն ու քաղաքականությամբ զբաղվեն։ Նա շատ է չարչարվել, որ մարդիկ հավատան այս ընդդիմությանը։ Փաշինյանին հաջողվել է այս ուժերին անցկացնել ԱԺ և նրանց ֆոնին ժողովրդավար ու անկախության պաշտպան երևալ։ Առանց նրանց՝ Փաշինյանը քաղաքական կյանք չունի։ Հետևապես՝ ռուսամետ ընդդիմության ոչնչացումը կհանգեցնի ՔՊ-ի ոչնչացմանը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը։

Ուստի բացառվում է, որ հիմա ԱԺ անցած ընդդիմությունը ոչնչացվի։ Այս առումով՝ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը բլեֆ է։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
17:53 Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը