Ներքին 3 ամիս առաջ - 16:58 12-06-2026

Վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդել. կառավարությունն առաջարկում է օրենսդրական լուծումներ

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով ներկայումս վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են այդ իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները վերահանձնելու ճանապարհով: Միջազգային պրակտիկան այս առումով ավելի լավ կարգավորումներ է նախատեսում:

Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը հստակ ժամանակահատվածում չի կարող վարել տրանսպորտային միջոց: Որպես կանոն` այդ ժամանակահատվածը մեկ տարի է, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ այն երկու տարի է: Կառավարության առաջարկով այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով պետական տուրք, որի վճարման պայմաններում անձի վարորդական իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով: Վերականգնումից հետո անձին մեկ տարվա կտրվածքով տրվելու են սահմանափակ թվով միավորներ` 6 բալ: «Սա կարվի այն նպատակով, որպեսզի վստահ լինենք, որ այս սեղմ բալային համակարգի շրջանակում անձը վերանայել է իր վարքագիծը եւ պատշաճ ձեւով պատրաստ է վերադառնալ երթեւեկություն: Եթե 6 բալի շրջանակում անձը որեւէ խնդիր չի հարուցում (այսինքն՝ բալերը չեն սպառվում կամ նա կրկին չի զրկվում վարորդական իրավունքից), ապա դրան հաջորդող տարվա ընթացքում ստանում է ստանդարտ 13 բալ ընդհանուր միավորը, ինչպես մեր մյուս քաղաքացիները»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:

Կառավարությունն առաջարկում է նաեւ սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք եւս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը` համապատասխան պետական տուրքի վճարմամբ եւ 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ` վերականգնումից հաշված մեկ տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով:

Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:

ՀՀ ներքին գործերի նախարարն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի