Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:32 29-05-2026

Բանակին անհրաժեշտ է հարձակողական սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը. զորահանդեսին այդպիսի զենք չցուցադրվեց

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին։

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝
1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների զսպումը,
2. դաշնակիցներին զինված ուժերի կայացածության մեջ հավաստիացնելը,
3. ռազմական ավանդույթի և հիշողության պահպանումը,
4. նոր սպառազինության ցուցադրումը,
5. հասարակության, բանակի և պետական ապարատի վստահության ու մարտական ոգու բարձրացումը,
6. բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ հանրությանը բանակին մոտեցնելու և զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու միջոցով,
7. գործող իշխանությանը քաղաքական և քարոզչական (ներառյալ՝ քարոզարշավային) աջակցության ապահովումը։

Երևանում անցկացված երեկվա զորահանդեսը հիմնականում վերը նշված չորրորդ և յոթերորդ խնդիրներն էր առաջ տանում։ Մնացած ուղղություններով զորահանդեսը կարող էր օգտակար լինել միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար լուծվեին բանակի մարտունակության և պատրաստվածության հետ կապված մի շարք հիմնահարցեր։

Օրինակ՝ թշնամին քաջատեղյակ է, որ Հայաստանում արդեն հինգ տարի է խոշոր ռազմական զորավարժություններ չեն անցկացվել։ Մինչդեռ մարտունակության ստուգման և բարձրացման լավագույն միջոցներից մեկը հենց հաճախակի զորավարժություններն են։

Թշնամին քաջատեղյակ է նաև մի շարք այլ ծանր խնդիրների մասին, մասնավորապես՝

• ՀՀ ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է, այդ թվում՝ իշխանության գործողությունների հետևանքով (օրինակ, ժամկետային ծառայությունը կես տարով կրճատելու պատճառով)

• բազմաթիվ արհեստավարժ հայ սպաներ դուրս են մղվել կամ հեռացել են բանակային ծառայությունից

• Հայաստանում առկա են սուր հակասություններ գործող իշխանության և բնակչության լայն շերտերի միջև

• բանակում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունն ու քարոզչությունն ամբողջովին խեղված են, եթե ոչ՝ ուղղակի արգելված

• Հայոց եկեղեցին և նրա սպասավորները դուրս են մղվել բանակից, ինչը լուրջ հարված է բանակի միասնությանն ու բարոյականին։

Ցուցադրված տեխնիկան լիովին պիտանի է պաշտպանական մարտերի համար, իհարկե՝ բավարարաչափ զինամթերք ապահովելու դեպքում (որն ինքնին շատ բարդ խնդիր է) և անձնակազմի կողմից զորավարժությունների ընթացքում այն լիարժեք յուրացնելուց հետո։

Սակայն բանակին անհրաժեշտ է նաև հարձակողական բնույթի այնպիսի սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը՝ թիրախում պահելով Ադրբեջանի աքիլեսյան գարշապարը՝ Ապշերոնյան թերակղզու նավթարդյունաբերական համալիրը։ Այդպիսի զենք չցուցադրվեց։

Կարևոր է նաև ձեռքբերված զենքի և ռազմամթերքի քանակը։ Անհրաժեշտ է ունենալ հարյուր հազարավոր արկեր, հրթիռներ և ԱԹՍ-ներ, այլապես ցուցադրված նմուշները հարց չեն լուծելու, մանավանդ որ Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն ավելի մեծ է, զինանոցը՝ ավելի արդիական, իսկ բանակը գիշեր-ցերեկ համատեղ զորավարժություններ է անցկացնում իր դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործընկերների հետ։

Կարճ ասած՝ զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու։ Իսկ քանի դեռ իշխանության ղեկին փաշինյանական կոլաբորանտներն են, մեր բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիճակի, սպայական կազմի գաղափարաբարոյական պատրաստվածության, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի որդեգրելիք ռազմավարության խնդիրները չեն կարող ստանալ իրենց իրական ու որակական լուծումը։

Այսպիսով, թշնամուն զսպելու գլխավոր խնդրի տեսանկյունից զորահանդեսը, ցավոք, ոչինչ չլուծեց և առկա քաղաքական պայմաններում չէր էլ կարող լուծել։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան