ՌԴ-ն մերժված է ազատ, ժողովրդավարական երկրների կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու համար։ Մոսկվան այս երկրների մեծ մասին որակում է չբարեկամ։ Հայաստանը ազատ, ժողովրդավարական երկիր է։ Երևանն օրեր առաջ հյուրընկալել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, բայց Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին մայիսի 6-ին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի և Մոսկվայի համար՝ բարեկա՞մ, թե՞ «ո՛չ ձուկ, ո՛չ միս»։
Մայիսի 7-ին Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռևս ապրիլի 1-ին է Պուտինին ասել այս մասին։ Այս առումով՝ կարելի է ասել, որ Փաշինյանը Մոսկվայի բարեկամը չէ։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է նա։
Ավելի վաղ Oragir.News-ը
գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ին լինելու է Սյունիքի մարզում և մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, հետևաբար՝ չի մասնակցելու Մոսկվայում կազմակերպված ավանդական շքերթին։
Մայիսի 9-ի շքերթին մասնակցելը ոչ միայն բարեկամության, այլև քաղաքակրթական համերաշխության ցույց է։ Սա հիշեցնում է ռուսների հաղթանակի մասին, չնայած՝ այդ հաղթանակից ոչինչ չի մնացել։ Արևելյան Եվրոպան ազատագրվել է խորհրդային բռնազավթումից, Գերմանիան վերամիավորվել է, Բալթյան երկրները ԵՄ, ՆԱՏՕ անդամ են։ Այս երկրները, հատկապես 2022-ից, հետո չեն մասնակցում Մայիսի 9-ի շքերթին։ Սակայն ռուսներն այս օրը ավանդական շքերթ են անում, հիշեցնում իրենց հաղթանակի, գլոբալ հավակնությունների մասին և թարմացնում բարեկամ երկրների շրջանակը։
Հայաստանը վերջին օրերին դարձել էր եվրոպական երկիր։ Եվրոպայի երկրների առաջնորդներն իրենց զգում էին հարազատ միջավայրում։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին, որ Հայաստանի հետ ունեն քաղաքակրթական ընդհանրություններ։ Ոմանք նշում էին հունիսի 7-ի ընտրություններում ռուսական հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու կոչված ԵՄ նոր առաքելության մասին։
ՀՀ ռուսամետ որոշ գործիչների ու շրջանակների այնքան էր վախեցրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը, որ կարծիք էին հայտնում, թե Մոսկվան կարող է թշնամական քայլեր անել հայ ժողովրդի դեմ։ Երևանում հնչած ելույթների մի մասում քննադատություն է հնչել Ռուսաստանի ագրեսիայի, հակաքաղաքակրթական կուրսի վերաբերյալ։ Այս իրավիճակը նույնպես հիմք է ենթադրելու, որ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր համարվելու կարգավիճակին ավելի մոտ է, քան բարեկամ։
Ուշագրավ է անկախության ու ժողովրդավարության ջատագովների արձագանքը, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին ԵՄ միանալու ուղղությամբ քայլեր չանելու, ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացնելու համար։ Նույնիսկ ԵՔՀ գագաթաժողովի ընթացքում որևէ առաջընթաց չարձանագրվեց ՀՀ-ԵՄ ինտեգրման, անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ։ Հիանալի շանս էր աշխարհին ցույց տալու Հայաստանի, հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը, բայց ոչինչ չարվեց։ Եվ այս անգործությունն էլ հիմք է ենթադրելու, որ Փաշինյանը Մոսկվայի բարեկամն է, այդ պատճառով որևէ իրական քայլ չի անում, որը ենթադրաբար կարող է հակասել ռուսական շահերին կամ հավակնություններին։
Այս համապատկերում զուտ տեսական հետաքրքրություն է առաջանում, թե ի՞նչ չափանիշներով են որոշում՝ Նիկոլ Փաշինյանը բարեկա՞մ է, թե՞ ոչ։ Ինչպե՞ս են եվրոպացիներն աջակցում Փաշինյանին, որը միաժամանակ Կրեմլի բարեկամն է։
Այս «ո՛չ ձուկ, ո՛չ միս» վիճակը, ենթադրաբար, կշարունակվի նաև հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Ոմանք լավատեսություն են հայտնում, որ Հայաստանն առաջիկայում ազատվելու է ռուսական քայքայիչ ազդեցությունից։ Սակայն այսպիսի հեռանկարն իրատեսորեն բացառվում է, քանի որ վերջին հարցումների տվյալներով՝ բարձր ժողովրդականություն ունեցող թեկնածուները նման ծրագրեր չունեն։
Պարզ ասած՝ Հայաստանի քաղաքակրթական դիրքորոշումը կարելի է պարզ ձևակերպել հենց այսպես. «ո՛չ ձուկ, ո՛չ միս»։ Սա, ենթադրաբար, հասկանալի կլինի բոլորի, այդ թվում՝ վայրի արջի ցեղերի համար: Վերջիններս, ենթադրաբար, չեն հասկանա՝ ինչպես վարվել հայ ժողովրդի հետ ու չեն ուտի մեզ։
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան