Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հինգուկես տարի անց էլ դեռևս չի հրապարակվել ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ցանկը՝ անուն-ազգանուններով։ Թեպետ իշխանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ տարբեր թվեր են հրապարակում, երբեմն անգամ զոհերին «պլյուս-մինուսով» հաշվում, այնուամենայնիվ վերոհիշյալ իրողությունը թույլ է տալիս կասկածի տակ առնել այդ թվերը, քանի որ դրանց իսկությունը ստուգելու և ոչ մի մեխանիզմ չկա։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «
Հայաստան» դաշինքը խոստացել է, որ իշխանության գալու դեպքում կարճ ժամանակում կհրապարակվի զոհերի անուն-ազգանունները։
Այս խոստմանն այսօր մեղադրական տոնով
արձագանքել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով 2021 թվականին պատգամավոր էր ընտրվել նույն դաշինքի ցուցակով, ավելին՝ պնդում էր, որ իր որդուն և զոհված մյուս զինծառայողներին սպանել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հետագա տարիներին Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները կտրուկ փոխեց, ինչպես նաև լքեց ընդդիմադիր խմբակցության շարքերը։
Նազարյանը նշել է, որ իր առաջարկով «Զինապահ» հիմնադրամի էջում հրապարակվել է զոհված զինծառայողների անուն-ազգանունները, որոնք, իր պնդմամբ, ո՛չ հնարավոր է ավելացնել, և ո՛չ պակասեցնել։ «
Այնպես որ նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեր հերոսների անցած ուղղուն, իմանալ նրանց անունները, եթե գուցե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել՝ կարող եք մտնել «Զինապահ» հիմնադրամ, «Հիշում ենք» բաժին և հանգիստ ծանոթանալ մեր հերոսներին»,- տեսանյութում ասում է Նազարյանը՝ կոչ անելով նախընտրական թոհուբոհում
չշահարկել զոհված զինծառայողներին և պնդելով, որ զոհված զինծառայողների անուն-ազգանունները հրապարակված են։
Որդուն կորցրած հոր կոչից առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անուն-ազգանունները հրապարակված են հիշյալ կայքում, ուստի որոշեցինք հետևել դրան, ինքներս էլ մուտք գործել, ծանոթանալ ու ի վերջո իմանալ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում քանի՞ զինծառայող է զոհվել․
Նախևառաջ մուտք գործեցինք Նազարյանի հիշատակած «Հիշում ենք» բաժինը, որտեղից էլ տեղեկացանք, որ կայքում հրապարակված են բացառապես հիմնադրամի շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։ Սա արդեն նշանակում է, որ կան զինծառայողներ, որոնք իրենց սխրանքներով անմահացել են Արցախյան 44-օրյա պատերազմում, սակայն ինչ-ինչ պատճառներով (գուցե նրանք ի տարբերություն Գեղամ Նազարյանի՝ առ այսօր կարծում են, որ իրենց որդիներին Նիկոլ Փաշինյանն է սպանել) չեն համաձայնել, որ իրենց որդիների անունները հրապարակվի տվյալ կայքում և այսպես շարունակ։
Այնուամենայնիվ, ֆիլտրելով նշված կայքում հրապարակված զինծառայողների ցանկը (մահվան տարեթիվ նշելով 2020-ը, իսկ պատերազմ բաժնում՝ 44-օրյա պատերազմը)` արձանագրեցինք, որ հիշյալ կայքում առկա է պատերազմում զոհված 3251 զինծառայողի մասին տեղեկատվություն։ Նկատենք, որ ըստ Քննչական կոմիտեի վերջին տվյալների՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը 3833 է (3755 զինվորական և 78 քաղաքացիական անձ), ինչը եթե անգամ համապատասխանում է իրականությանը, ապա նշանակում է, որ կայքում բացակայում է առնվազն 582 զոհվածի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ հայ հանրությունն իրավունք ունի նրանց ճանաչելու՝ միևնույն ժամանակ հարգելով զոհվածների ծնողների՝ իրենց զավակների անուն-ազգանունները չհրապարակելու ցանկությունը, ուստի պաշտոնապես ցանկի հրապարակումն անհրաժեշտություն է։Բացի այդ, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ
թեպետ կայքում հրապարակվել է 3251 զինծառայողի մասին տեղեկատվություն, այնուամենայնիվ նրանցից շատերի լուսանկարները բացակայում են։ Այս հանգամանքը ևս կասկածներ է առաջացնում, քանի որ եթե իսկապես ցանկը հրապարակվել է նրանց ծնողների ու հարազատների համաձայնությամբ, ապա ինչո՞ւ պետք է վերջիններս իրենց զավակների լուսանկարները չտրամադրեին, կամ էլ ՊՆ-ն իր բազաներում չունենար դրանք։
Փաստացի՝ Գեղամ Նազարյանի պնդումները մանիպուլյատիվ են, և պատգամավորն իր նախկին քաղաքական ուժին մեղադրելուց անդին չի մանրամասնում, որ «Զինապահ»-ի կայքում զոհված ոչ բոլոր զինծառայողների անուն-ազգանուններն են հրապարակված, ու բացակայում է առնվազն 582 զոհվածի վերաբերյալ տեղեկատվություն։
Oragir.News-ը Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց՝ տեղյակ չէ՞ր այդ մասին՝ նախքան տեսանյութը հրապարակելը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ ինքն էլ էր դա նկատել և «Զինապահ» հիմնադրամին տեղեկացրել այդ մասին։ «
Ես հիշում էի, որ էդ խնդիրը կա։ Ես իրենց ասել եմ, իրենց խնդիրն է դա։ Իրենք պետք է բոլորինը հրապարակեն՝ անկախ նրանից զոհվածների ծնողները դա ուզո՞ւմ են, թե՞ չէ։ Դա ծնողի ինչ գործն է․ ենթադրենք ծնողը չի ուզում, դա նշանակո՞ւմ է վերջ, էդ երեխու մասին էլ մենք չե՞նք գրելու»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում ընդունեց, որ կայքում ոչ բոլոր զինծառայողների անուն-ազգանուններն են հրապարակվել։ Նա խոստացավ, որ հարցը կճշտի «Զինապահ» հիմնադրամի հետ՝ չհստակեցնելով՝ պատրաստվո՞ւմ է նոր տեսանյութ հրապարակել և հերքել իր պնդումները, թե՞ ոչ։ «Այդ հարցը պետք է լուծված լիներ»,- ասաց նա՝ փաստացի հաստատելով, որ չճշտված և իրականությանը չհամապատախանող տեղեկություն է տարածել։
Հույս ունենք, որ Գեղամ Նազարյանն իսկապես շփոթվել է և հանրությանը մանիպուլացնելու միտում չունենալով է այդ տեսանյութը հրապարակել, ուստի այն կհեռացնի և նույն հարթակով հանրությանը հաջորդիվ պարզաբանումներ կներկայացնի։
Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան