Ներքին 7 ամիս առաջ - 13:47 10-04-2026

2026 թվականը Հայաստանում ջրառատ կլինի. գարնանային վարարումները կկազմեն նորմայի 100-160 տոկոսը

Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ 2026 թվականը Հայաստանում ջրառատ է լինելու:

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ գարնանային վարարումների ձեւավորումն ուղղակիորեն կախված է նոյեմբեր-մարտ ամիսների եղանակային պայմաններից, ինչպես նաեւ ապրիլ-հունիս ամիսների կանխատեսումներից։

«2025 եւ 2026թթ․ նշանավորվել են մի շարք անոմալ հիդրոօդերեւութաբանական ցուցանիշներով»,- նշել է նա։

Օրինակ՝ 2025թ․ նոյեմբերը 1935 թվականից ի վեր դիտարկումների ողջ ժամանակահատվածում ամենատաք եւ ամենաչոր ամիսներից մեկն էր։ Մյուս կողմից՝ 2026թ․ փետրվարը ռեկորդային տաք էր. օդի միջին ջերմաստիճանը կազմել է մոտ +0.1°C, գրեթե 5 աստիճանով բարձր նորմայից։

Ամսվա ընթացքում գրանցվել են նաեւ առատ տեղումներ՝ հասնելով նորմայի 206 տոկոսին, ինչն այն դարձնում է գրանցված երրորդ ամենախոնավ փետրվարը դիտարկումների պատմության ընթացքւոմ։

Մարտը նույնպես չափազանց առատ էր տեղումներով՝ ամենաթացը 1935 թվականից ի վեր։

Տեղումները գրեթե կրկնակի գերազանցել են նորման։ Ընդհանուր առմամբ, ձմեռը բնութագրվեց տեղումների ավելացմամբ, որն արդեն իսկ զգալի դրական ազդեցություն ունի երկրի ջրային ռեսուրսների վրա։

Ազիզյանը մասնավորապես անդրադարձել է ձյան ծածկույթի հետ կապված իրավիճակին։ Նրա խոսքով՝ հունվարին ձյունը ծածկել է գրեթե ամբողջ հանրապետությունը, դրա խորությունը գերազանցել է նորման միջինը 30 տոկոսով, իսկ որոշ շրջաններում՝ զգալիորեն ավելի։ «Օրինակ՝ Ապարանում ձյան ծածկույթը հասել է նորմայի 172 տոկոսին, Գավառում՝ 204 տոկոսին, իսկ Ամբերդում՝ 163 տոկոսին»,- նշել է նա։

Մարտին ձյունը հիմնականում մնացել է բարձրլեռնային շրջաններում՝ 1 700 մետրից բարձր։

Արագածի օդերևութաբանական կայանում ձյան հաստությունն այժմ կազմում է 311 սմ, ինչը 122 սմ-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է առաջիկա ամիսներին, ապրիլ-հունիսին տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մի փոքր ցածր, իսկ մայիսին եւ հունիսին՝ նորմայից մի փոքր բարձր։

Ազիզյանն ընդգծել է, որ 2026թ․ գարնանային վարարումների մակարդակը կտատանվի նորմայի 100-130 տոկոսի սահմաններում, իսկ որոշ շրջաններում կարող է հասնել 140-160 տոկոսի։

Վեգետացիոն շրջանը նույնպես, կանխատեսվում է, որ ջրով լավ ապահովված կլինի՝ երկարաժամկետ միջինի 100-120 տոկոսի սահմաններում։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով