Ուղիղ եթեր
Սպորտ 1 ամիս առաջ - 20:00 04-04-2026

ՍպորտZone․ Բանակից հետո մարզիկների թիվը կտրուկ նվազում է․ 300-ը դառնում է 40

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Գլխավոր մարզիչը հավաքականի պատրաստվածությունը գնահատել է բավարար՝ նշելով, որ թիմում կան նաև մարզիկներ, ովքեր առաջին անգամ են մասնակցելու նման մակարդակի մրցաշարի։ Միևնույն ժամանակ վնասվածքի պատճառով մրցմանը չի մասնակցի Արման Անդրեասյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է մեդալների ակնկալիք ունենալ, Կուրղինյանը հրաժարվեց հստակ պատասխան տալ՝ ընդգծելով, որ մարզչի համար դժվար է նման գնահատականներ տալ։ Նրա խոսքով՝ «սպորտը պետք է ցույց տա, ոչ թե խոսի», և արդյունքները պետք է տեսանելի լինեն գորգի վրա։

Հայաստանը 2014-ից ի վեր ազատ ոճի ըմբշամարտում աշխարհի չեմպիոն չի ունեցել․ վերջինը 2013-ին Դավիթ Սաֆարյանն էր։ Գլխավոր մարզիչը նշում է, որ մեր մարզիկների հիմնական թերությունները տեխնիկական բնույթի են։

Կուրղինյանն անդրադառնալով համակարգային խնդիրներին, նշեց, որ մինչև զորակոչային տարիքը ըմբշամարտով զբաղվում է շուրջ 300 երիտասարդ, սակայն բանակից հետո այդ թիվը կտրուկ նվազում է՝ հասնելով մոտ 40-ի։ Մարզիչը նշեց, որ նախկինում ավելի արդյունավետ էր տարկետման համակարգը, երբ մարզիկները հնարավորություն ունեին զուգահեռ շարունակել ուսումը և մարզումները։

Այսօր, օրինակ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում սովորող մարզիկները հաճախ ուսման կեսից մեկնում են բանակ, ինչի արդյունքում խզվում է տեսական և գործնական պատրաստության կապը, և ապագա մարզիչների ձևավորման մեջ առաջանում են բացեր։

Անդրադարձ եղավ նաև մարզաբազաների խնդրին։ Գործնականում մարզումների համար հասանելի են միայն Ծաղկաձորի մարզաբազան, որտեղ հնարավոր է տարեկան առավելագույնը երկու հավաք անցկացնել, ինչպես նաև Օլիմպավանը։ Սակայն, ըստ մասնագետի, քաղաքային պայմանները լիարժեք հարմար չեն բարձրակարգ մարզական պատրաստության համար։

Վերջում հնչել են բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։