Ներքին Միտք 7 ամիս առաջ - 16:00 30-03-2026

Ով է կազմակերպել սադրանքը Սուրբ Աննա եկեղեցում

Հանրության մի մասը սադրանք է որակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը կիրակի օրը՝ մարտի 29-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, պատարագի ժամանակ։ Ոչ պակաս վրդովեցրել է երիտասարդների ձերբակալությունը միջադեպից 1-2 ժամ անց։

Արդյո՞ք սա սադրանք է։ Եվ ինչո՞ւ են երիտասարդներին ձերբակալում 1-2 ժամ անց։

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ռոբերտ Պիլի հայտնի ռեֆորմից առաջ ոստիկան ու պարեկ չկար։ Եթե արձանագրվում էր ինչ-որ հանցագործություն, ապա դատավորը հայտարարում էր գլխագին՝ հանցագործին բռնելու որս, որին մասնակցում էին կամավորները։ Նրանք բռնում էին օրինազանցին ողջ կամ մեռած, հանձնում իշխանություններին ու ստանում պարգևը։ Նույնիսկ եթե պաշտոնյայի աչքի առաջ կատարվում էր օրինախախտում, ապա նա առանց դատավորի որոշման՝ հանցագործին բռնելու կամ վնասազերծելու իրավունք չուներ։

Այս կարգը, կրկնենք, փոխվեց 1835-ից հետո, երբ Անգլիայում ստեղծվեց ոստիկանությունը։ Ոստիկանն իրավունք ուներ տեղում բռնել օրինազանցին ու բերման ենթարկել։ Ավելին՝ բոբին ոտքով կամ ձիով շրջում էր փողոցում ու պարտավոր էր կանխել հանցագործությունը։

Երևանում օրը ցերեկով, տասնյակ իրավապահների, Ոստիկանության, ԱԱԾ-ի աշխատակիցների, տասնյակ պաշտոնյաների աչքի առաջ տեղի է ունենում վարչապետի մասնակցությամբ միջադեպ, բայց նրա մասնակիցները բերման են ենթարկվում 1-2 ժամ անց։ Իրավապահ համակարգն անգործությո՞ւն է ցուցաբերում, թե՞ վախենում է ժողովրդի ներկայությամբ կատարել իր պարտականությունը։ Գուցե նրանց գործողություններն սկզբանապես ապօրինի՞ էին, թե՞ 1-2 ժամ փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվել։

Նկատենք՝ ձերբակալված 3 անձից 2-ը եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Երրորդը Գևորգ Գևորգյանն է։ Հանրության մի մասի կարծիքով՝ նրանք որևէ օրենք չեն խախտել։ Հակառակը՝ հնչում է տեսակետ, որ խախտում է կատարվել Փաշինյանի և նրա թիկնապահների կողմից, որոնք քաղաքական գործունեություն են ծավալել եկեղեցում։

Իսկ հնարավո՞ր էր՝ այս միջադեպը չլիներ։ Օրինակ՝ եթե Փաշինյանը գնար Օհանավան, ինչպես արել է մի քանի անգամ, այնտեղ հավաքեր իր աջակիցներին և կարգալույծ արված հոգևորականից հաղորդություն ստանար, ապա այս պարագայում միջադեպ չէր լինի, կամ այն կարող էին նախապես կանխել։

Մեկ այլ տարբերակ։ Փաշինյանը կարող էր Սուրբ Աննա գալ պատարագից հետո։ Երբ պատարագի մասնակից հավատացյալները հեռանային, նա կարող էր հանգիստ, առանց մարդկանց հրմշտելու՝ մտնել եկեղեցի, մոմ վառել, աղոթել հունիսի 7-ին իր հաղթանակի համար։ Այս պարագայում ևս միջադեպ չէր լինի։

Այնինչ՝ Փաշինյանը ընտրել է այլ տարբերակ, ինչը շատ նման է սադրանքի։

Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում շատ հավատացյալներ էին հավաքվել։ Փաշինյանն այս մասին չգիտե՞ր։ Իհարկե՝ գիտեր։ Հավատացյալները Փաշինյանի հանդեպ համարժեք վերաբերմունք ունեն հոգևորականների հետապնդումների, Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, վեհարանը լկտիաբար գրոհելու, Բագրատ Սրբազանին ազատարկման մեջ անհիմն պահելու և այլ պատճառներով։ Վարչապետը չգիտե՞ր, որ հավատացյալների մեծ մասն իրեն չի սիրում։ Ենթադրելի է նաև, որ վարչապետի թիկնապահներն այս ռիսկերը հաշվի են առել և նրան խորհուրդ տվել՝ Ծաղկազարդի պատարագի ժամանակ չմտնել Սուրբ Աննա եկեղեցի։ Ու եթե այդ ռիսկերը հաշվի չառնելով՝ նա մտել է Սուրբ Աննա եկեղեցի, հետո պատարագը դեռ չավարտված՝ մարդկանց հրմշտելով՝ փորձել է դուրս գալ, ապա կարելի է ենթադրել, որ այդ ամենը եղել է կազմակերպված սադրանք, որ մեկնումեկի նյարդերը տեղի տան, ու միջադեպ լինի։ Զարմանալի է, որ Փաշինյանն անակնկալի չի եկել, չի զարմացել, չի վրդովվել։ Այս ամենը նրա կողմից հաշվարկվա՞ծ է եղել։

Կարճ ասած՝ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը նրա վարկանիշը դարձյալ գցեց։ Քաղհալածյալների թիվն ավելացավ 3-ով։ Հավելյալ ապացուցվեց, որ Փաշինյանը եկեղեցի է մտնում ոչ թե աղոթելու, պատարագի մասնակցելու, այլ քարոզարշավ անելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու եկեղեցու ներսում Ծաղկազարդի տոնական օրը, ցուցադրաբար չհարգելով հավատացյալի կրոնական զգացմունքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն