Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 15:00 29-03-2026

Փաշինյանի առաջադրումը ռիսկային է. ՔՊ-ն կարող է պարտվել

Ռիսկային մրցակցության մեջ է մտնում իշխող կուսակցությունը։

Օրեր առաջ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Oragir.News-ի հարցին, ասել էր. «Եվ ինչքան գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման անգամների հետ կապված սահմանափակումներ չկան, ու էդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով ստեղծում ենք»։

Անցած օրերին ՔՊ-ում ընտրում էին վարչապետի թեկնածու։ Մարտի 28-ի երեկոյան հրապարակվել են ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը ստացել է 898 քվե։ Մյուս 20 թեկնածուները միասին՝ 43 քվե, որոնցից ամենաշատ քվեն ստացել է Արարատ Միրզոյանը՝ 12, մեծ մասը՝ 1-ական։

Ինչո՞ւ է ՔՊ-ն կրկին Փաշինյանին առաջադրում, որը պարտության խորհրդանիշն է, բացասական բարձր վարկանիշ ունի։

Ժողովրդավարական երկրներում կուսակցություններն առաջ չեն քաշում բացասական բարձր վարկանիշ ունեցողներին, քանի որ այս պարագայում պարտվելու ռիսկը մեծ է։ Եթե ժողովուրդը բացահայտ չի սիրում տվյալ գործչին, ապա կուսակցությունը նրան բարձր պաշտոններում չի առաջադրում։ Սա նաև ժողովրդի հանդեպ հարգանքի արտահայտություն է։ Այսպես պահպանում են ներքին խաղաղությունը, ավելորդ չեն նյարդայնացնում ժողովրդին, ներքին կոնֆլիկտներ չեն հրահրում։

Հարկ է հիշել, որ քաղաքական գործչի հանդեպ ատելությունը երբեմն վերաճում է պետության հանդեպ ատելության, ինչից օգտվում են թշնամին, չբարեկամը՝ հավաքագրում դժգոհներին, մեծացնում ազդեցությունը։ Այսինքն՝ բացասական բարձր վարկանիշ ունեցող գործչին առաջ չմղելը նաև ազգային անվտանգային նշանակություն ունի։ Այսպիսի գործիչը կարող է ապապետական քայլերի դիմել, ի հեճուկս ժողովրդի՝ որոշումներ ընդունել, ոտնահարել ավանդույթները և այլն։

Տվյալ դեպքում ժողովրդի մի մասը Փաշինյանին բացասաբար է վերաբերվում։ Բացասական վերաբերմունքի հիմնավորումները շատ են։ Միայն աղետալի պարտություններն ու կորուստները բավարար են, որ ժողովրդի մի մասը նրան չուզենա տեսնել պետության ղեկին։

Պատահակա՞ն է, որ նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը» մի ամսում դառնում է ամենամեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր ուժն՝ ըստ IRI հարցումների։ Սամվել Կարապետյանի հանդեպ հանրային մեծ համակրանքի պատճառը նաև այն է, որ ժողովրդի մի ստվար հատված Փաշինյանին չի սիրում, նույնիսկ հաշվի չի էլ առնում, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չէ, դեռ քաղաքական բովանդակությամբ մի նախադասություն չի ասել բարձրաձայն։ Այս պարադոքսը բացատրություն ունի՞։ Ենթադրելի է, որ մարդիկ այնքան չեն սիրում Փաշինյանին, որ միևնույն է, թե ով կլինի, թեկուզ ռուս բիզնեսմենը, միայն թե ազատվեն Փաշինյանից։

Այսպիսի իրավիճակը նաև լարվածություն է հաղորդելու ընտրություններին, կոնֆլիկտների պատճառ է դառնալու։ Մի բան է, երբ մարդիկ ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին, նրա գաղափարները, ծրագրերը։ Բոլորովին այլ բան է, երբ մարդիկ գալիս են ընտրության, որ Փաշինյանը չընտրվի։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ 2021-ին ՔՊ-ն հաղթեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բարձր բացասական վարկանիշի շահարկման արդյունքում։ Փաշինյանին ընտրեցին, որ ատելի նախկինները չգան, վատ բաներ չանեն։ Իսկ նախկիններին ընտրողի հիմնավորումն այն էր, որ ատելի Փաշինյանը նոր վատ բաներ չանի։

Նույն խաղն է հիմա։ Մարդիկ ոչ թե ընտրում են մեկին, որ նա լինի ՀՀ վարչապետ, այլ ընտրում են մեկին, որ մրցակիցը չլինի ՀՀ վարչապետ։ Սա անառողջ քաղաքական մթնոլորտ է, որի հետևանքով քաղաքական խոսույթը բովանդակազրկվում է, տեղ է բացվում ապաքաղաքական տարրերի, գաստրոլյորների և ատելության խոսքի համար, ձևավորվում են քաղաքական արատավոր բարքեր, քաղաքականության մասին սխալ ընկալումներ, որոնք բացասաբար են ազդում պետության, քաղաքական համակարգի և սոցիալ-հոգեբանության վրա։

Կարճ ասած՝ Փաշինյանի առաջադրումը ռիսկային է։ ՔՊ-ն կարող է պարտվել ոչ թե վատ քարոզարշավ անելու ու թույլ խոստումներ տալու, այլ Փաշինյանի բարձր բացասական վարկանիշի պատճառով։ Իսկ այս անառողջ մթնոլորտում պետությանն ու ժողովրդին պատճառված վնասը գուցե և չվերականգնվի։

Թաթուլ Մկրտչյան


Ձեզ գուցե հետաքրքրի