Դեռևս նախորդ տարեվերջից քաղաքական շրջանակներում քննարկվում էր, որ իշխանությունները մտադիր են 2024 թվականին արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նախօրեին
Oragir.News-ը գրել էր, որ
իշխանությունները հրաժարվել են արտահերթ ընտրությունների գաղափարից, քանի որ անգամ փակ հարցումներն են վկայում, որ ՔՊ-ն իր իշխանությունը վերարտադրելու հնարավորություն չունի՝ ո՛չ միանձնյա, ո՛չ էլ կոալիցիոն ճանապարհով։
Այսօր արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։
Oragir.News-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ իշխանությունները հրաժարվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից և ինչո՞ւ։ Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց՝ վստահ չէ, որ իշխանություններն ի սկզբանե արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն են ունեցել։
Հակոբյանը շեշտում է՝ եթե հարցն այդ համատեքստում ենք դիտարկում, ապա տպավորություն է ստեղծվում, որ իրենք հայտարարել են այդ մասին։ «Այլ հարց է՝ եթե իրենք նման ընտրության առաջ էին կանգնած, ապա որոշել են ընտրությունների չգնալ ոչ թե այն բանի համար, որ իրենք առհասարակ պատասխանատվությունից չեն փախչում, այլ նրա, որ լուրջ ռիսեր են տեսնում դրանցում։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե պատասխանատվությունից չփախչելն է, իսկ սա այն իշխանությունը չէ, որը կարող է իր պատասխանատվության զգացումով հպարտանալ, գիտենք որ նրանք անգամ պարտության համար իրենց վրա պատասխանատվություն չեն ցանկանում վերցնել, այլ հաշվարկել են, որ ընտրությունների անցկացումը ռիսկային է՝ իշխանությունը վերարտադրելու համատեքստում»,- կարծում է նա։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ իշխանությունների դիտարկումները, հաշվարկները, տեղերում մարդկանց հետ շփումները ցույց են տալիս, որ արտահերթ ընտրությունների դեպքում վերարտադրվելու ռիսկերը դժվար է հաշվարկել կամ ակնհայտ է, որ կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նշած պատասխանատվությանը՝ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ գործող իշխանությունները նախորդ 6 տարիներին բոլոր ձախողումների ու տապալումների համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած Արցախի հանձնումով, բոլորին են մեղավոր ու պատասխանատու նշանակել, բայց ոչ երբեք իրենց։
«Այսինքն՝ սա իշխանությունն է, որը մեծ հաճույքով և միշտ 6 տարի շարունակ փորձել է փախչել պատասխանատվությունից՝ իրեն մեղավոր չճանաչելով բոլոր տապալումների համար, ըստ էության՝ բոլոր ասպարեզներում, որոնց իրենք կպել են»,- ասաց նա։
Հարցին, թե արտահերթ ընտրությունների պարագայում կկրկնվե՞ր Երևանի ավագանու ընտրությունների սցենարը, կամ դրանից ավելի վատ արդյունքներ կաձանագրվեի՞ն՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա շատ հնարավոր է։ Նրա համոզմամբ՝ այն տենդենցները, որոնք հիմա նկատելի են, ինչպես նաև Երևանի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այսօրվա իշխանությունների վարկանիշը պատմականորեն ամենացածրն է, ու վարկանիշի նվազման տենդենցն անշեղորեն վայր է իջնում։
Վիգեն Հակոբյանը նկատում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ժամանակն աշխատում է իրենց դեմ։ Նա կարծում է, որ եթե իշխանությունները հստակ պատկերացում ունենային, որ իրենց վերարտադրման հնարավորությունը գոնե 50 տոկոսից ավելի է, ապա իրենք կգնային արտահերթ ընտրությունների, ինչպես մինչև հիմա դա արել են։
«Վարչապետը սիրո՞ւմ է չէ հպարտանալ, որ ինքն արդեն մի քանի անգամ վայր է դրել իր մանդատը, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ես կարծում եմ, որ այո՛, եթե իրենք վստահ լինեին, որ կարող են վերարտադրվել, ապա կգնային արտահերթի»,- կարծում է նա։
Քաղտեխնոլոգը հավելում է, որ նախորդ 6 տարում գործող իշխանությունների ողջ վարքագիծը ցույց է տվել, որ իրենք ամենաշատն են փախվել, մինչև այժմ փախչում են և ապագայում էլ պատասխանատվությունից։ «Թող մեկ այլ պատճառաբանություն գտնեն՝ հասարակությանը հրամացնելու համար, թե ինչու չեն գնում արտահերթ ընտրությունների։ Բայց նորից եմ կրկնում՝ այնպես էլ չէ, որ իրենք ուղղակիորեն հայտարարել էին, որ գնում են արտահերթ ընտրությունների, իսկ հիմա էլ փոշմանել են»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան