Ներքին 5 ամիս առաջ - 16:20 27-03-2026

Բլեֆ․ եթե զորահանդեսը քարոզչական չլիներ՝ Սարդարապատում կանցկացվեր

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվող զինվորական շքերթը միանշանակ քարոզչական նպատակ ունի և ուղղված է «խաղաղության պատրանք» ստեղծելուն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը մայիսի 28-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, շքերթ անցկացնում։

Հիշեցնենք՝ Փաշինյանը նախօրեին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա զինվորական շքերթ։ Նրա խոսքով՝ սա ոչ այնքան զորահանդես է, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Նա վստահեցրել է, որ դա տպավորիչ պատկեր կլինի քաղաքացիների համար, սակայն այն կարող է նաև խաղաղության օրակարգից հրաժարվելու տպավորություն ստեղծել։

«Մենք աշխատում ենք այս թեմայով միջազգային գործընկերների հետ, քանի որ զորահանդեսը շատ նուրբ թեմա է եւ կարող է տպավորություն ստեղծել, որ շեղվում կամ հրաժարվում ենք խաղաղության օրակարգից»,- նշել է նա։

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ եթե դա իսկապես Առաջին Հանրապետության խորհրդի հետ կապված միջոցառում լիներ, ապա այն կանցկացվեր Սարդարապատում։ «Եթե Սարդարապատում չի անցկացվում, այլ Երևանում, սա միանշանակ քարոզչական է։ Խոսքը չակերտավոր խաղաղության մասին է, կամ իմ գնահատմամբ՝ խաղաղության պատրանքի ստեղծման։ Ուզում են ցույց տալ, որ այդ խաղաղությունը նաև պաշտպանված է ուժով՝ տեխնիկայի և անձնակազմի ցուցադրությամբ»,- ասաց նա։

Փորձագետը նաև անդրադարձավ շքերթի հնարավոր շեշտադրումներին՝ նշելով, որ իշխանությունները կարող են փորձել ներկայացնել ռազմական տեխնիկան որպես տեղական արտադրություն։ «Ամենայն հավանականությամբ կասեն, որ ներկայացվող տեխնիկայի մեծ մասը արտադրված է Հայաստանում։ Բայց ես ասում եմ՝ դա բլեֆ է»,- ընդգծեց Նահապետյանը։

Խոսելով արտաքին արձագանքների մասին՝ նա չբացառեց, որ Ադրբեջանից կարող է լինել ձևական կոշտ արձագանք, որը հետագայում կօգտագործվի ներքին քարոզչության մեջ։ «Չեմ բացառում, որ արձագանքը կարող է լինել իմիտացիոն, որպեսզի հետո ներկայացվի, թե ադրբեջանցիները նույնիսկ վախենում են։ Սա կարող է օգտագործվել՝ ցույց տալու համար, որ իբր խաղաղությունը պահպանվում է նաև ուժի հաշվին»,- նշեց նա՝ չբացառելով նաև քաղաքական պայմանավորվածությունների առկայությունը։ «Ես կարծում եմ՝ հնարավոր են պայմանավորվածություններ։ Եթե նույնիսկ կոշտ արձագանք լինի, դա կարող է լինել պայմանավորված՝ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, որպես «խաղաղության երաշխավոր»։

Խոսելով հասարակության հնարավոր արձագանքի մասին՝ ռազմական փորձագետը նշեց, որ այն միանշանակ չի լինելու․ «Հասարակության արձագանքը տարբեր կլինի։ Մի մասը կարող է ասել՝ այո, խաղաղություն է, մյուս մասը՝ որ սա քարոզչություն է»։

Հայկ Նահապետյանը հավելեց նաև, որ տարածաշրջանային դերակատարների կողմից կարող են առաջ քաշվել մի շարք պահանջներ։ «Խոսքը կարող է գնալ պարտադրանքների մասին՝ սկսած միջանցքների բացումից մինչև տնտեսական ու անվտանգային ազդեցություններ։ Ընդհանուր առմամբ, փորձ է արվում Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհին և նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա