Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 20:30 28-05-2026

Զորահանդեսը կայացավ, Փաշինյանի զոհերի մասին հարցից խուսափեց, Թրամփը աջակցում է նրան․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։ 1918 թվականի թվականի հենց այս օրը հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը թեպետ կարճ՝ երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց անկյունաքարային նշանակություն ունեցավ, քանի որ այս տարածաշրջանում ավելի քան 1 հազարամյակ հայ ժողովուրդն անկախ պետականություն չէր ունեցել։ Երևանի Հանրապետության հրապարակում այսօր զորահանդես անցկացվեց, որը Փաշինյանի ութնամյա կառավարման ընթացքում առաջինն էր։ Փաշինյանն իր ելույթում պնդել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, իսկ այդ պայմաններում Հայաստանի բանակը թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Փաշինյանը վստահեցրել է, թե միայն 2022 թվականի հոկտեմբերից հետո, երբ ինքն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ «Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է․ բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»,- հայտարարել է նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, «և այսօր ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ»։ Վերջինս հավելել է, որ Հայաստանի բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով։

Հանրապետության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները: «Այսօր մայիսի 28-ն է, մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը, և այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ իր պետությամբ: 1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք, այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա, բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է: Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը՝ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ փիարի»,- ասել է Կարապետյանը, ապա շարունակել․ « Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով: Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն»։ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը շեշտել է նաև՝ այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ՝ միայն նրա համար, որ հայ են, մենք լռելու իրավունք չունի։

Զորահանդեսից հետո Փաշինյանը Կառավարության շենքում պատասխանեց լրագրողների հարցերին։ Oragir.News-ը հարց ուղղեց Փաշինյանին՝ հիշեցնելով 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունները, երբ Փաշինյանը խոստանում էր «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու ու իրենց հաղթանակի դեպքում Երևանի բյուջեից 15 հազարական դրամներ տալ քաղաքացինեին՝ պնդելով, թե բյուջեն քաղաքացիների սեփականությունն է ու նման հատկացումներ կարող են լինել: Հետաքրքրվեցինք՝ ստացվում է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի՞ էր, բայց Նիկոլ Փաշինյանի մրցակիցներին չի՞ կարելի բյուջեի հաշվին կաշառք բաժանել, և եթե հիմա նույնն անեն ընտրապայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերը, քանի՞ ժամ նրանք կմնան ազատության մեջ: Փաշինյանը պատասխանեց՝ եթե առիթը կար, թող այն ժամանակ իրավական գնահատական տային: «Մենք հենվում ենք լիազորություններ ունեցող մարմինների գնահատականի վրա և ձեր նշած ժամանակահատվածում իրավապահ համակարգը ազատ էր գնահատական տալու, բայց իմ այդ հայտարարությանը իրավական գնահատական չի տրվել, հետևաբար որևէ մեկնաբանություն անելու առիթը սպառված է»: Նիկոլ Փաշինյանին նաև հարց ուղղեցինք, թե ե՞րբ է ի վերջո հրապարակելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ողջ ցանկը, քանի որ «Զինապահ» հիմնադրամում առնվազն 582 զինծառայողի անուն-ազգանուն բացակայում է։ Կառավարության ղեկավարը հրաժարվեց հարցին ուղիղ պատասխանելուց՝ նշելով, որ չի կարող հիմնվել մեր պնդման վրա։ Ի պատասխան՝ առաջարկեցինք վերջինիս, որ նա անձամբ ուսումնասիրի «Զինապահ»-ի կայքը, սակայն Փաշինյանը չարձագանքեց այս առաջարկին։

Մանրամասները՝ տեսանյութում:



Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից