Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:30 25-03-2026

Ինչու է Փաշինյանը ժողովրդին ստիպում ասել՝ Արցախն Ադրբեջան է 

44-օրյա պատերազմի շրջանում ադրբեջանցիները զենքը պահում էին հայ գերիների գլխին ու ստիպում, որ ասեն՝ «Կառաբախ՝ Ազռբեջան»։ Ինչո՞ւ է այսօր Նիկոլ Փաշինյանը ամբողջ ժողովրդին ստիպում ասել, որ Արցախն Ադրբեջան է։

Փաշինյանը Արցախի ազատության համար պայքարի պատմությունը վերաշարադրում է՝ այն հակասության մեջ դնելով Հայաստանի անկախությանը։ Այսպիսով՝ ստեղծվում է պատկեր, թե եթե մարդը խոսում է Արցախի մասին, ուրեմն՝ ՀՀ անկախությանը դեմ է, հետևապես՝ ռուսական գործակալ է։ Այստեղ բաց է մնում մեկ հարց։ Ինչո՞ւ բախտակից երկրների օրինակով՝ չեն իրականացնում լյուստրացիա և օրենքով կասեցնում ռուսական գործակալների ներթափանցումը քաղաքական համակարգ։ Կաշկանդվա՞ծ են, թե՞ «դուխ» չունեն։

Որոշ քաղաքագետներ Փաշինյանի այս վարքը պայմանավորում են միջազգային պարտավորությամբ։ Օգոստոսի 8-ին նախաստորագրված Խաղաղության պայմանագրի 8-րդ հոդվածում նշված է հետևյալը. «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Այս հոդվածը կոչված է կասեցնելու կողմերի միջև կոնֆլիկտի նորոգումը։ Այսինքն՝ կողմերն իրենք իրենց տարածքներում պարտավորվում են կանխել կոնֆլիկտը նորոգող կամ նորոգելուն նպաստող ցանկացած տրամադրություն, նախաձեռնություն, երևույթ և այլն։

Այսպիսի պայմանավորվածություն եղել է նաև Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրում, որտեղ 8-րդ հոդվածով նշված է հետևյալը. «Երկու կողմերն էլ պարտավորվում են կանխել իրենց տարածքներում մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարություն համարվող կազմակերպությունների կամ խմբերի ձևավորումը կամ ներկայությունը, ինչպես նաև մյուս երկրի դեմ պայքարելու նպատակ ունեցող խմբերի առկայությունը։ Ռուսաստանը և Թուրքիան նույն պարտավորությունն են ստանձնում Կովկասի խորհրդային հանրապետությունների նկատմամբ՝ փոխադարձության պայմանով։
Համարվում է հաստատված, որ այս հոդվածում նշված թուրքական տարածքը նշանակում է Թուրքիայի Ազգային ժողովի կառավարության ռազմական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո գտնվող տարածքը»։

Խորհրդային բռնազավթման տարիներին, 1939-ին Երվանդ Քոչարը 2 տարի 2 ամիս անցկացրել է Երևանի բանտում՝ Սասունցի Դավթի սպիտակ գիպսե արձանի սուրը ԽՍՀՄ-ի եղբայր Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով։ Իսկ արձանը փշուր-փշուր է արվել ու վերացվել։ Քոչարը պատժվել է ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի 8-րդ հոդվածի հիմքով։ Այս տարիիներին բազմաթիվ մարդիկ են դատվել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար այս պայմանագրային հիմքով։

Այսինքն՝ օրինաչափ է, որ խաղաղության պայմանագրերով կասեցվում են կոնֆլիկտի վերսկսման ջատագովների գործողությունները։ Ենթադրելի է, որ նման հոդված կա նաև կոնֆլիկտ հաղթահարած այլ երկրների միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Դա անհրաժեշտ է խաղաղության պահպանման, խաղաղության պայմանագիրն անխախտ պահելու համար։ Այդ պատճառով են կողմերը պարտավորվում կասեցնել կոնֆլիկտի նորոգումը և պաշտպանել պայմանագրով սահմանված նոր կարգավիճակներն ու քարտեզները։

Այսպիսով՝ Փաշինյանն ուղղագիծ տրամաբանություն է զարգացնում, ըստ որի՝ եթե խաղաղության կողմնակից ես, ուրեմն՝ Արցախի էջը փակված պիտի համարես, հետևաբար նաև՝ Արցախը համարես Ադրբեջանի մաս։ Իսկ եթե Արցախն Ադրբեջանի մաս չես համարում, ապա խաղաղության դեմ ես, ուզում ես կոնֆլիկտը նորոգես, դրանից բխող ողբերգական հետևանքներով հանդերձ։

Ի վերջո՝ Փաշինյանի ենթադրյալ հաշվարկն այն է, որ հունիսի 7-ին ՔՊ-ին են ընտրելու բոլորն, ովքեր խաղաղության կողմնակից են, Արցախի էջը փակված են համարում, չեն ուզում նորոգել կոնֆլիկտը, Արցախը համարում են Ադրբեջանի մաս։ Նա ջանք է գործադրում, որ ժողովրդին ստիպի այսպես մտածել, քանի որ այսպես մտածողներն են իրեն ընտրելու։ Մեծ հաշվով՝ ՔՊ-ի քարոզարշավի հիմնական թիրախը սա է, որ ժողովրդին ստիպեն այսպես մտածել։ Իսկ ովքեր այսպես չեն մտածում, նրանք, բնականաբար, ՔՊ-ին չեն ընտրի հունիսի 7-ին։

Թաթուլ Մկրտչյան