Միտք 3 ամիս առաջ - 09:42 20-02-2026

Ինչի համար են ռուսներն Ալեն Սիմոնյանին թանկ նվերներ տվել

Հարկատուները պարբերաբար տեղեկատվություն ստանում են, թե ՔՊ-ական պաշտոնյաներն ինչ թանկարժեք նվերներ են ստացել։ Սա արվում է կոռուպցիայի դեմ պայքարող կառույցների պահանջով։ Սակայն գրեթե բացակայում է տեղեկատվությունը, թե պաշտոնյաներն ինչո՞ւ են նվերներ ստանում և ի՞նչ են նրանք օտարներին նվիրում մեր փողերով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել է, որ փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել. ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով, «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ՝ ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։

Ինչի՞ համար են ռուսները թանկ նվերներ տվել Ալեն Սիմանյանին։ Եվ ի՞նչ նվերներ է հանձնել ԱԺ նախագահը ռուս գործընկերներին ՀՀ հարկատուների փողերով։

Ալեն Սիմոնյանի կողմից ենթադրաբար հանձնված նվերների վերաբերյալ հետքեր դեռ չկան։ Ռուսաստանում այսպիսի թափանցիկություն չկա։ Բայց տրամաբանական է, որ եթե Ալեն Սիմոնյանն այսպիսի թանկարժեք նվերներ է ստացել, ապա առնվազն նույնքան թանկարժեք նվերներ է հանձնել ՀՀ հարկատուների փողերով։

Ընդունված կարգ է, որ հյուր գնացողն է նվերներ տանում։ Տվյալ դեպքում՝ հյուրն Ալեն Սիմոնյանն է։ Եվ նա դատարկ ձեռքով չէր գնա Մոսկվա։ Հյուրընկալողն էլ իր հերթին համարժեք նվերներ է փոխանցել հյուրին։ Համարժեքության տրամաբանությամբ ենթադրելի է, որ եթե Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին նվիրել է թանկ ժամացույց ու նկար, ապա Ալեն Սիմոնյանն էլ Մատվիենկոյին է նվիրել թանկարժեք զարդեր և կտավ, որի վրա պատկերված է հայկական բնապատկեր։ «Ռոսատոմ» ընկերության ղեկավարին էլ, հավանաբար, նվիրել է ՀԱԷԿ-ի մանրակերտը, խորհրդանշանակորեն ակնակելով, թե ամերիկացիների հետ ատոմակայան կառուցելու մասին բանակցությունները բլեֆ են, ՀՀ-ն այս հարցում շարունակելու է ռուսների հետ գործընկերությունը։

Իսկ եթե այս ենթադրությունները սին են, և Ալեն Սիմոնյանը ռուսներին ոչ մի նվեր էլ չի տվել, ապա հիմք է ստեղծվում ենթադրելու, որ ՀՀ բարձր պաշտոնյան ինչ-որ ծառայություններ է մատուցել ռուսներին, ինչի դիմաց էլ այդպիսի նվերներ ստացել։

Ուշագրավ է, որ հանրության մի ստվար հատված շատ զգայուն էր արձագանքում, երբ հայ բարձրաստիճան որևէ գործիչ կամ հոգևորական ռուսներից նվեր կամ պարգև էր ստանում։ Այդպիսի գործիչների վերաբերյալ կասկած էին տարածում, թե նա ռուսական գործակալ է, ռուսական շահեր է սպասարկում և այլն։ Առավել՝ ցավոտ էր ընկալվում, երբ ռուսները հայերին մեդալ էին տալիս, սակայն չէին նշում, թե կոնկրետ ինչի ծառայությունների համար։

Այս առումով զարմանալի է, թե հանրությունն ինչո՞ւ նույնպիսի վրդովմունքով չի արձագանքում, երբ Ալեն Սիմոնյանն է նվերներ ու պարգևներ ստանում ռուս գործընկերներից, ինչո՞ւ ոչ ոք չի կասկածում, որ Ալեն Սիմոնյանը ևս ռուսական գործակալ է։ Այսպիսի կասկածի համար բավարար հիմք է այն, որ մոտ 8 տարվա ընթացքում նա որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, որը տեսականորեն ռուսական շահերի դեմ կլիներ։ Օրինակ՝ նա լյուստրացիայի, դեսովետիզացման, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, երկաթուղու կամ ռուսներին տրված այլ ենթակառուցվածքների ազգայնացման մասին նախագծեր չի բերել խորհրդարան։ Նա ոչ մի տարի Հունիսի 14-ին մի ծաղիկ չի խոնարհել խորհրդային տարիներին հազարավոր բռնադատվածների, զոհերի հիշատակին։ Գուցե ռուսները այսպիսի վարքի համա՞ր են Ալեն Սիմոնյանին նվերներ տալիս, գնահատում, որ նա ոչինչ չի անում ռուսական շահերի դեմ։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված ողջամիտ կասկածներ կան հանրության շրջանում։ Դրանք ցրելու համար նա կարող է ժողովրդին ասել, թե հարկատուներիս փողերով ի՞նչ թանկարժեք նվերներ է մատուցել ռուս գործընկերներին։ Հակառակ պարագայում կասկած կառաջանա, որ ՔՊ-ն ռուսամետ ուժ է, մյուս ռուսամետ ուժերի պես պարտվելու է հունիսի 7-ի ընտրություններում ու դառնա ընդդիմություն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան