«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայցը և պարտավորեցրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում վճարել։ Նմանաբովանդակ պահանջ էր ներկայացվել նաև ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նկատմամբ։
Oragir.News-ի կատարած որոնումների արդյունքում հրապարակայնորեն ներողության կամ զրպարտության հերքման վերաբերյալ հայտարարություններ չեն հայտնաբերվել։
Պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը զանգահարեց Էդգար Ղազարյանին։ Վերջինս նշեց, որ դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ և անցել է բոլոր դատական ատյաններով։
«Մենք դատարանի վճիռը չենք բողոքարկել, որովհետև ըստ էության բավարարված էինք։ Իրենք են բողոքարկել վերաքննիչ, հետո՝ վճռաբեկ, բայց բոլոր ատյաններում պարտվել են։ Այսօր ունենք օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը ամբողջությամբ չի կատարվում»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Հովհաննիսյանը կամովին վճարել է փոխհատուցման գումարը, սակայն հիմնական պահանջը՝ հրապարակային ներողություն և հերքում չի եղել։
Ռուստամ Բաքոյանի վերաբերյալ Ղազարյանն ասաց. «Փոխհատուցումը գանձվել է Հարկադիր կատարման ծառայության միջոցով։ Այսինքն՝ ինքը կամովին ընդհանրապես վճիռը չի կատարել»։
Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ պատգամավորների կողմից դատարանի վճիռը չկատարելու փաստով դիմել է իրավապահ մարմիններին քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով։
«Ռուստամ Բաքոյանի մասով Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել, ես դա բողոքարկել եմ Արարատի մարզի դատախազություն, հիմա էլ դատարան, որ պարտավորեցնեն վարույթ հարուցել։ Իսկ Արթուր Հովհաննիսյանի մասով Շենգավիթի քննչական վարչությունում արդեն հարուցվել է քրեական վարույթ, և այս պահին ընթանում է նախաքննություն»,- նշեց նա։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի հետ՝ ստանալու նրանց դիրքորոշումը դատարանի վճռի կատարման վերաբերյալ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից ստանալ գնահատական, սակայն կրկին ապարդյուն։
Նշենք, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Հոգևոր խորհրդի մի խումբ անդամների նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով, նրանց արգելել են դուրս գալ երկրից։
Եթե հոգևորականների նկատմամբ այսպիսի վարույթ է հարուցվել, ապա ակնկալելի է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարող կամ ոչ լրիվ կատարող պատգամավորների նկատմամբ պիտի գործի նույն օրենքը նույն խստությամբ։