Միտք 3 ամիս առաջ - 10:35 16-02-2026

Փաշինյանի վստահությունը բլեֆ է. նախկինները ՔՊ-ին կօգնեն

Նախկին նախագահներն ու օլիգարխները ակտիվ նախապատրաստվում են հունիսի 7-ի ընտրություններին, վստահություն ներշնչում, որ մեծ փողեր են ծախսելու ու ինչ-որ արդյունքի հասնելու, առնվազն՝ զբաղեցնելով ընդդիմության նիշան։ Բայց Նիկոլ Փաշինյանն այլ կարծիք ունի այս մասին։

«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ և չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»,- փետրվարի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Ի՞նչ հիմք ունի Փաշինյանի այս վստահությունը, այն բլե՞ֆ է, թե՞ ուտոպիա։

Առաջին հայացքից այն քաղաքական երազանք կարելի է որակել, ուտոպիա։ Տարբեր քաղաքական հայացնքներ ու համոզմունքներ ունեցող շատ քաղաքացիներ իրապես կարծում են, թե նախկին նախագահների վարած ռուսամետ կուրսի արդյունքում շատ վնասներ է պատճառվել պետությանն ու ժողովրդին, և լավ կլինի՝ նրանք հեռանան քաղաքական ասպարեզից, որ նույն սխալ կամ վատ բաները կրկնվեն, չշարունակվեն։ Բազմաթիվ քաղաքացիներ սոցիալիստական կամ նման պատկերացումներից ելնելով՝ ուզում են, որ օլիգարխները ևս հեռու խաղան քաղաքականությունից, քանի որ վերջիններս ազգային գիտակցություն չունեն, միայն իրենց փողերի, ներդրումների մասին են մտածում։ Առավել ևս, որ ներկայում հայ գործարարների մի մասի ներդրումների մի մասը ՀՀ իշխանության վարած քաղաքականության արդյունքում հայտնվել են Ռուսաստանում։ Այսպիսով՝ նախկին նախագահներն ու օլիգարխներն ուղղակի կամ անուղղակի կախված են Կրեմլից ու սպասարկում են ռուսական շահեր։

Մեկ այլ տեսանկյունից՝ Փաշինյանի այս խոսքը բլեֆ է բլեֆի վրա։ Բոլորն են տեսնում, թե նախկին օլիգարխներն ու նախկին նախագահներն ինչ ինտենսիվ են պատրաստվում հունիսի 7-ին։ Եթե հավատանք Փաշինյանի այս խոսքին, ապա տպավորություն կստեղծվի, թե նախկին օլիգարխն ու նախկին նախագահը բլեֆ են անում, իրականում չեն ուզում հաղթել Փաշինյանին, նրանք մասնակցելու են հունիսի 7-ի ընտրություններին ոչ թե հաղթելու, այլ պարտվելու նպատակով, որ ՔՊ-ն հաղթի։ Այդ բլեֆին էլ արձագանքում է Փաշինյանը, ընտրողին ու ազատ աշխարհին իր հերթին ապակողմնորոշելով, իբր ինքն անկախության ու ժողովրդավարության ջատագով է, իսկ նախկին նախագահն ու նախկին օլիգարխն ընտրություններում ջախջախիչ պարտություն են կրելու։

Ի վերջո՝ կա վարկած, թե Փաշինյանն, այս վստահությունը հայտնելով՝ կարծես՝ գաղտնազերծում է իր ու իր կրեմլյան ընկերների պլանները հունիսի 7-ի հետ կապված։ Այսինքն՝ այսպիսի վստահություն նա կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե Կրեմլից նրան 100 տոկոս վստահեցնեն, որ իրենց գործակալները՝ նախկին նախագահն ու նախկին օլիգարխը հունիսի 7-ին միասնաբար պարտվելու են։

Իսկ իրականում կա փորձված քաղաքական, օրենսդրական գործիք ռուսական շահերով առաջնորդվողներն, այդ թվում՝ նախկին նախագահին ու նախկին լիգարխին քաղաքականությունից վերջնական ու անվերադարձ դուրս մղելու համար։ Այդ գործիքը կիրառվել է խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում։ Արևելյան Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Մոլդովայում ընդունվել է լյուստրացիայի մասին օրենք, որով 10, 20 տարով կամ ցմահ արգելվում է ռուսական գործակալներին զբաղեցնել քաղաքական պաշտոններ, առաջադրվել պատգամավորի թեկնածու։ Այս օրենքով ռուսական շահեր սպասարկող նախկինն ու օլիգարխը քաղաքականությամբ զբաղվելու օրինական արգելքների են բախվում։

Պարզ ասած՝ նախկին նախագահին ու նախկին օլիգարխին քաղաքական ասպարեզից հեռացնելու մասին Փաշինյանի արտահայտած վստահությունը սին է։ ՔՊ-ի օրակարգում լյուստրացիայի մասին օրենքի ընդունում նախատեսված չէ։ Ավելի հավանական է այն, որ հունիսի 7-ին կկրկնվի 2021-ի սցենարը, և ռուսական շահերով բացահայտ առաջնորդվողները, այդ թվում՝ նախկին նախագահն ու նախկին օլիգարխը միասնաբար կօգնեն, որ պետությանն ու ժողովրդին բազմաթիվ աղետներ պատճառած, Կրեմլի հուսալի գործընկեր Փաշինյանը վերընտրվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը