«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսն ապացուցեց, որ հարմար ընդդիմություն է ստեղծվում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար։
Շուրջ 7 տարի Փաշինյանը 7 երգ էր երգում, 7-ն էլ նախկինների մասին։ Ցանկացած հարց սպեկուլյատիվ հնարքներով դրվում էր նախկինների թեմայի տակ։ Մեծ ջանքեր գործադրելով, նրան հաջողվեց 2021-ին իր հետ խորհրդարան անցկացնել նախկինների հետ ասոցիացվող ուժերին։ Բոլոր ընտրություններն անցնում էին՝ «մերժին նախկինների՛ն, ընտրի՛ր ՔՊ-ին» կարգախոսով։ Թվում էր, թե այս սև խոռոչից ելք չկա։ Ժողովուրդը հոգնել էր նույն երգն անվերջ լսելուց։ Ազատ աշխարհը նույնպես կասկածով էր լցվել հայ ժողովրդի և նրա ընտրության հանդեպ։ Եվ ահա, գտնվեց ելքը։ Ստեղծվեց նոր քաղաքական միավոր՝ «Ուժեղ Հայաստան»։
Ի՞նչ կփոխվի այս նոր ուժի ասպարեզ գալով։
Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանին իր կամքին հակառակ են ներգրավել քաղաքական պայքարում։ Նա իր համար հանդարտ ապրում, փող էր աշխատում, բարիք էր ստեղծում մարդկանց համար, այդ թվում՝ Հայաստանում։ Բայց մի օր որոշեցին, որ նա պետք է քաղաքականությամբ զբաղվի, դառնա Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ մրցակիցը, քանի որ նախկինները մաշվել են։ Նախկինների մասին երգը հոգնեցրել էր և՛ ժողովրդին, և՛ աշխարհին։ Նախկիններից մեկն էլ էր հոգնել, ուզում էր «պլավնի» դուրս գալ մրցապայքարից։ Այս պատճառով Փաշինյանն իր համար նոր մրցակից գտավ, ավելի հարուստ, որը կարող էր մեծ փողեր ծախսելով՝ իրական մրցակցության իմիտացիա ստեղծել։
Փետրվարի 13-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված շնորհանդեսը ցույց տվեց, որ նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը» և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանը ոչ միայն ֆինանսական մեծ կարողություններ ունի, այլև մեծ ժողովրդականություն է վայելում, տեսականորեն կարող է լուրջ մրցակից դառնալ, շատ քվեներ ստանալ ընտրություններում։ Բայց արդյո՞ք այս մրցակիցը քաղաքական այլընտրանք է առաջարկում։
Դեռևս 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանին կարող է այլընտրանք լինել ոչ ռուսամետ քաղաքական միավորը, որը անկախության պաշտպանության ջատագով կլիներ ու ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն կհռչակեր։ Նույնն է ներկայում։ Ռուսամետ ուժերը Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չեն ու չեն կարող լինել։ Սա պարզ է՝ ինչպես 2+2-ը։ Նույն Փաշինյանը 2018-ին չէր կարող իշխանության հասնել, եթե նախընթաց շրջանում վառ ռուսամետ դիրքավորումով հանդես գար։ Քաղաքական այս տարրական տրամաբանությունը մերժվեց նաև նորաստեղծ «Ուժեղ Հայաստանի» կողմից։ Այլ կերպ պատկերացնելի չէր։ Ինչպե՞ս կարող էր ռուսաստաններում մեծ ներդրումներ ունեցող, աշխարհում որպես ռուս միլիարդատեր ընկալվող Սամվել Կարապետյանը ոչ ռուսամետ հանդես գալ, անկախության ու ժողովրդավարության դիրքերում կանգնել։ Այսպիսով՝ նա շատ հարմար մրցակից է Փաշինյանի համար։
Արդեն ուրվագծվում է ՔՊ-ի խոսույթը Սամվել Կարապետյանի դեմ։ Վերջինիս արդեն ներկայացնում են, որպես ռուսամետ գործիչ, ռուսամետ կուրս վարող, ռուս օլիգարխ, Հայաստանը ռուսներին ծախելու պլաններ ունեցող գործարար և այլն։ Ազատ աշխարհն՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ժողովրդավարական երկրներն, այսպիսի թեկնածուի կողքին չեն կանգնի, չեն աջակցի։ Մոսկվան ևս, հավանաբար, այս անգամ էլ կպաշտպանի Փաշինյանին, քանի որ Փաշինյանը չի խախտել 2018-ին ռուսների միջոցով իշխանության հասնելու ժամանակ ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի հայ-ռուսական օրակարգ չի վերանայվել։ Նույնիսկ ԱՄՆ փոխնախագահին ընդունելուց հետո Փաշինյանը հատուկ հարցազրույց տվեց ու հավաստիացրեց, թե ռուսական շահերի դեմ ոչինչ չի անելու։
Պարզ ասած՝ Փաշինյանն առաջիկայում նոր երգ է երգելու։ Այն միայն նախկինների մասին չի լինելու, այլ հիբրիդային սպառնալիքի, օտար երկրի շահերը ներկայացնող նոր մրցակցի, անանուն երկրի ագենտի, Հայաստանն անանուն երկրին ծախողի մասին։ ՔՊ-ականները նույնիսկ խիզախություն, անկեղծություն ու ազնվություն չունեն, որ Մոսկվայի անունը ուղիղ ու բարձրաձայն տան։ Իսկ եթե Փաշինյանն ինչ-որ հնարքով հաղթի նաև հունիսի 7-ին, ապա առաջիկա 5 տարիներին նոր խազած վինիլ է ծակելու ժողովրդի ականջը։
Թաթուլ Մկրտչյան