Ներքին Միտք 5 ամիս առաջ - 17:35 25-01-2026

Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների. ձևավորվող մեխանիզմի նպատակը հանրային վերահսկողության թուլացումն է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ է ընդունել Ընտրական օրենսգրքում՝ ուղղված ընտրությունների դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակմանը։

Ըստ նոր կարգավորման՝ ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում՝ առանց հանրային կամ մասնագիտական քննարկումների, ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ։ Այս գործելակերպը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն նախաձեռնության բովանդակության, այլև դրա ընդունման լեգիտիմության և իրական նպատակների շուրջ։

Ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակագրությունը բացահայտորեն հակասում է միջազգային ընդունված մոտեցումներին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ընտրական օրենսդրության հիմնարար փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների համար խաղի կանոնները լինեն կանխատեսելի, կայուն և հավասար։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղեցույցներում, որտեղ շեշտվում է, որ վերջին պահին ընդունված փոփոխությունները խաթարում են ընտրական վստահությունը և կարող են դիտվել որպես վարչական միջամտության գործիք։

Այս դեպքում փոփոխությունները ոչ միայն կատարվել են չափազանց ուշ, այլև՝ հապշտապ՝ շրջանցելով հանրային և մասնագիտական քննարկումների ինստիտուտը։ Սա ընտրական իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկային գործելակերպ է և վկայում է ոչ թե համակարգի կատարելագործման, այլ վերահսկողության խստացման նպատակների մասին։ Այս ամենը կարող է ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, հատկապես եթե ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը շարունակեն քննադատել դրանք որպես հակաժողովրդավարական:

Առանձնակի մտահոգիչ է դիտորդական կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության պահանջի կիրառման տրամաբանությունը։ Եթե այդ չափանիշը չունի հստակ իրավական սահմանումներ, այն վերածվում է սուբյեկտիվ գնահատման և կամայական կիրառման գործիքի։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիտորդական առաքելությունների հիմնական գործառույթը ընտրական խախտումների արձանագրումն է, դրանց հրապարակային ներկայացումը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Եթե դիտորդի կողմից խախտման մասին բարձրաձայնումը կարող է որակվել որպես քաղաքական դիրքորոշում, ապա դիտորդական ինստիտուտը փաստացի զրկվում է իր բովանդակային էությունից։

Ձևավորվում է ֆիլտրող մեխանիզմ, որի նպատակը ոչ թե ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացումն է, այլ հանրային վերահսկողության թուլացումը։

Դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը լոկալ քայլ չէ։ Այն տեղավորվում է ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ՝ քաղաքական կալանավորումների և ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման խորացում, սոցիալական արդարության սկզբունքների հետ անհամատեղելի պարգևավճարների ցուցադրական բաշխում, պետական և վարչական ապարատի աճող քաղաքական մոբիլիզացիա։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ թե որպես հանրային վստահության վերականգնման կամ քաղաքական մրցակցության միջոց, այլ որպես կառավարվող և վերահսկվող գործընթաց։

Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առաջիկա ընտրություններում հանրության աջակցության վրա չի հենվում։ Ընտրությունների նկատմամբ վստահության փոխարեն շեշտը դրվում է վարչական լծակների, վերահսկողության սահմանափակման և բյուրոկրատական միջամտության վրա։ Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ հասարակության աջակցությանը, չէր սահմանափակի անկախ դիտորդներին, չէր փոխի ընտրական կանոնները վերջին պահին և չէր խուսափի հանրային ու մասնագիտական քննարկումներից։

Այն իշխանությունը, որը չի վստահում սեփական հասարակությանը, ընտրությունները վերածում է ոչ թե օրինական ժողովրդավարական մրցակցության, այլ վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը