Ներքին 4 ամիս առաջ - 18:26 19-01-2026

Սա հոգեկան հիվանդ է, դուրս շպրտեք սրան․ «Մեդլայն կլինիկ»-ում հրաժարվել են հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց

«Մոտ 4–5 ժամ սպասելուց հետո ինձ պետք է ընդունեին երկու մասնագետ։ Մեկի մոտ մտա, բայց երկրորդ մասնագետի դեպքում ինձ ասացին, որ նա գնացել է, և առաջարկեցին գալ հաջորդ օրը։ Ես շատ վատ էի ինձ զգում, նյարդաբանի կարիք ունեի և խնդրեցի՝ գոնե այլ մասնագետի մոտ ուղարկեն, բայց ինձ պատասխանեցին՝ չենք կարող օգնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Խարբերդի բնակիչ Կարինե Մանուկյանը, ով դիմել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն հետազոտության նպատակով, սակայն ժամեր շարունակ սպասելուց հետո չի ստացել անհրաժեշտ խորհրդատվություն։

Ըստ Կարինե Մանուկյանի՝ իրավիճակը սրվել է, երբ նա դժգոհություն է հայտնել սպասարկումից։

Նրա խոսքով՝ բաժնի վարիչ Քրիստինա Սարգսյանը նրա հետ խոսել է կոպիտ տոնով՝ առաջարկելով լքել բժշկական կենտրոնը։

«Բաժնի վարիչն ասաց՝ եթե Ձեզ մեր սպասարկումը դուր չի գալիս, գնացեք Ձեր Նորագավիթի պոլիկլինիկան։ Ես Խարբերդի բնակիչ եմ, տարիներ շարունակ գրանցված եմ այստեղ։ Երբ փորձեցի բացատրել վիճակս, ինձ ասացին՝ «սկանդալ մի արեք», իսկ հետո բարձրաձայն հայտարարել են՝ «սա հոգեկան հիվանդ է», և կանչել դռնապահին՝ բա մի հատ դուրս շպրտեք սրան ստեղից»,- նշեց նա։

Կարինե Մանուկյանը պատմեց, որ տեղի ունեցածից հետո աշխատակիցների մեկն իրեն գաղտնի ասել է, որ սկսի հեռախոսով նկարահանել, որից հետո բժշկական կենտրոնի անձնակազմը կարծես թե մի փոքր սթափվել է, սակայն լուրջ բուժօգնություն չեն ցուցաբերել։

«Դե ես նյարդայնացած եմ լինում, եսիմ ինչ վիդեո չի եղել, ամեն դեպքում իրանք մի այլ կարգի սթափվեցին, մեկ էլ տեսնեմ՝ արագ-արագ ինձ ուղարկում են բժշկի, դե, իհարկե, որը ինձ ոչինչ չարեց, ընդամենը ասեց՝ Ձեր մասնագետը չունենք, գնացեք Հանրապետական հիվանդանոց, էն, որ բերան փակելու»,- նշեց նա։

Դեպքից հետո նա տեսանյութ է հրապարակել TikTok հարթակում՝ ներկայացնելով իր հետ տեղի ունեցածը։

Նրա խոսքով՝ տեսանյութը մեծ արձագանք է ստացել, և բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններում կիսվել են նույն բժշկական կենտրոնի վերաբերյալ իրենց դժգոհություններով։

Սակայն, ինչպես նշում է Կարինե Մանուկյանը, դրանից հետո «Մեդլայն» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը իր դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում։

«Ինձ դատի են տվել՝ պահանջելով, որ ներողություն խնդրեմ, մինչդեռ հենց ինձ են հրապարակավ ստորացրել՝ 15–20 մարդու ներկայությամբ։ Եթե իմ ասածները կեղծ են, թող ապացուցեն տեսախցիկների միջոցով։ Ես ոչ մեկին չեմ վիրավորել, պարզապես նկարագրել եմ այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց նա։

Կարինե Մանուկյանը հավելեց, որ դիմել է նաև Առողջապահության նախարարություն, սակայն այնտեղից ստացել է պատասխան, ըստ որի՝ իբր իրեն սպասարկել են երեք մասնագետ և նշանակումներ են արել, ինչը, ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում։

«Եթե եղել են նշանակումներ, թող ցույց տան՝ ովքեր են այդ մասնագետները, որտեղ են գրանցված։ Ես պարզապես օգնություն էի խնդրում և դրա փոխարեն հայտնվեցի դատարանում»,- եզրափակեց նա։