1993 թվականի մայիսի 24-ի առավոտյան քիլլերների երեք հոգանոց խումբը մտավ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի թիվ 8 շենքի շքամուտքերից մեկը, որի՝ առաջին հարկում գտնվող 36 բնակարանում ապրում էր Ստեփանակերտի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Սամվել Աղայանը՝ կնոջ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի գրադարանի աշխատակցուհի Անահիտ Գրիգորյանի ու երեք դուստրերի՝ Լուսինեի, Հասմիկի ու Արևիկի հետ։
Մինչ այդ շենքի շուրջ զինվորների՝ առնվազն մի վաշտ էր տեղակայվել (այլ աղբյուրներով՝ գումարտակ), տանկ ու զրահամեքենա կային․ ու այսքանը՝ մի մարդու պատճառով․ մարդ, ում չեզոքացնելու որոշումը կայացվել էր ամենաբարձր մակարդակով։
Միահեծան կառավարող, հասարակական կարիծիքի ձևավորման վրա անսահման իշխանություն ունեցող, այն վերահսկող ռազմաքաղաքական վերնախավի ու քաղաքի ամենաազդեցիկ և ցանկացած սխալի ու անարդարության վրա աչք չփակող մարդու միջև կոնֆլիկտը հասել էր գագաթնակետին (անցած ժամանակահատվածում առաջիններից ոմանք, անգամ, ապտակ ու աքացի էին ստացել, մեկի գլխին էլ հեռախոս էր ջարդվել)։

Սկզբից սկսել էին շոշափել հասարակական կարծիքը՝ հասկանալու համար, թե ժողովուրդն ինչպե՞ս կընդունի Սամվելին չեզոքացնելը։ Ասենք, լուր էին տարածել քաղաքում, թե նա մեկի վրա բարկացած նռնակ է նետել, որը կպել է ծառին, հետ եկել ու պայթել հենց նրա ոտքերի տակ։ Ու դիրքերից տուն եկող Սամվելը նույնիսկ մի տեսակ շփոթվել է՝ տեսնելով տանեցիների, մտերիմների ու հարևանների՝ ավելի քան ջերմ ողջագուրանքը։
Սամվելն արդեն հասկացել էր՝ քիլլերները շքամուտքում են։ Նրանցից մեկը բղավում է․ «Ու՞ր է Աղայանը,- և չարախնդալով ավելացնում․- փախել է՞»։ Պատշգամբից փողոց դուրս եկած Սամվելը պատասխանում է, որ ինքը երբեք չի փախչում ու մտնում է շքամուտք, ատրճանակը պահում դռան մոտ գտնվող երկու հոգու վրա ու հայհոյախառն, քամահրանքով նախատում (մինչ այդ փողոցում գտնվող զինվորներից մեկը Սամվելին ասում է․ «Մի՛ մտիր շքամուտք»)։ Անակնկալի եկած չարագործները սկսում են վախեցած ու ստորացած արդարանալ ու երդվել, որ եկել են պարզապես խոսելու, թեկուզ խստիվ հրահանգ էին ստացել՝ ոչ մի դեպքում զրույցի չբռնվել, կրակել միանգամից։ Եվ այդ պահին երկրորդ հարկ տանող աստիճանների վրա մթության մեջ գտնվող երրորդը վերևից կրակահերթ է արձակում Սամվելի ուղղությամբ (ճակատագրի հեգնանքով՝ ժամանակին հենց Սամվելն է իր մեծ հեղինակության շնորհիվ, Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի հետ համագործակցելով, նրան ազատել գերությունից. հետո հայտնի այդ ոճրագործին հենց իրեն ուղարկածները կսատկացնեն անտառում, ինչից առաջ նա կանի տակը)։
Այսպես, ընդհատվում է 80-ականների և 90-ականների սկզբի ամենասիրված ու կուլտային ստեփանակերտցիներից մեկի կյանքը։
Իսկապես, Սամվել Աղայանը ստեփանակերտցիների և, ընդհանրապես, արցախցիների ու Արցախից դուրս նրան ճանաչողների լայն շրջանակում պաշտվելու աստիճանի սիրված անձնավորություն էր։ Հիմա էլ, այսքան տարի անց, նրա անվան շուրջ լեգենդներ են հյուսվում, որոնք, սակայն, հեռու չեն իրականությունից, չնայած իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրա անունը ոչ մի կերպ ու երբեք չհիշատակվի․ անգամ Զորի Բալայանն այս կապակցությամբ հետևյալն է ասել․ «Սամվելն արժանավոր մարդ է, բայց ոչինչ անել չեմ կարող»։

Մինչև որ լռությունը փորձել է խախտել ռուս լրագրող Իննեսա Բուրկովան։
Մարդ կամք, արդարամտության էտալոն։ Այսպես էին և են արտահայտվում նրա մասին (նրա մեքենայի ղեկին գրված էր․ «Արդարությունը կբարձրացնի ազգը, իսկ մեղքն անարգանք է ժողովրդին»)։
Եվ ինչքան էլ որ զգուշավոր լինենք՝ մարդուն բնութագրելու համար ավելորդ մակդիրներ չշռայլելու, պիտի ասենք, որ նա բացառիկ անձնավորություն էր՝ իսկապես ընդօրինակման կերպար, հավատի սյուն արցախցի հարյուրավոր տղամարդկանց համար, որոնց մեծ մասը նախընտրել էր միավորվել նրա շուրջը։
Ինքս մի երկու տասնյակ անգամ շփվել եմ հետը․ մարդկային հարաբերություններում բարեխիղճ էր, մարդկանց առջև՝ մեկը նրանցից։ Պարկեշտ էր։ Շատ հազվադեպ է պատահում, որ ուժն ու բարոյականությունը համադրվեն այսպես։ Մանավանդ՝ մեր մեջ։
Սամվելի գոյությունն իսկ բացառում էր ցանկացած բեսպրեդել։ Նրա հեղինակությունն այնքան էր բարձր, որ նրա անունով հնարավոր էր լինում բերել տալ հակառավորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող մեր տղաների մարմինները։
Ծնվել է 1960 թվականին՝ Ստեփանակերտում։ Պարապել է ըմբշամարտով։

80-ականների սկզբներին խնդիրներ է ունեցել աղդամեցի թուրքերի հետ և դատապարտվել ազատազրկման։ Ու նա այնքան անթերի է իրեն դրսևորում, այնքան համակրելի, արդարամիտ, առինքնող ու համարձակ էր, որ Ադրբեջանի հանցավոր աշխարհի միահեծան տերեր (դա ես չէ, որ ասում եմ), օրենքով գողեր Օգանով եղբայրները՝ Ռուդիկն ու Վաչկոսն առաջարկում են թագադրվել որպես օրենքով գող։ Սամվելը հրաժարվում է, բայց և մնում են լավ բարեկամներ։
1988-ի գարնանն Օգանովները գալիս են հանդիպելու Սամվելին։ Հանդիպումը կայանում է Եվլախի ռեստորաններից մեկում։ Գորբաչովի վերակառուցման արդյունքում, կարծես, բարենպաստ մթնոլորտ էր ստեղծվել, և Օգանովները Սամվելին ասում են, որ Ստեփանակերտում պետք է, այսպես կոչված, «գողական պալաժենի» հաստատվի, ու Սամվելն էլ կլինի դրության տերը՝ «պալաժենեցը», ինչը սահմանելու իրավունքն ադրբեջանական քաղաքներում ուներ հենց Ռուդոլֆ Օգանովը։ Արդեն սկսվել էր Արցախյան շարժումը, և Սամվելը ողջ ԽՍՀՄ տարածքում հսկայական ազդեցություն ունեցող հանցագործ աշխարհի գեներալներին ասում է, որ Արցախի ժողովուրդը դուրս է եկել իր ազատության համար պայքարի, և գողական դրվածքի մասին խոսք լինել չի կարող։ Եղբայրները ձեռնունայն վերադառնում են Բաքու, ինչը բացառիկ դեպք էր։ Ովքեր ծանոթ են այդ տարիների Ադրբեջանի հանցավոր աշխարհի անցուդարձին, լավ գիտեն, որ Օգանովներին ընդդիմանալն անհնարինության չափ դժվար էր։
Նվիրյալ տղաների մի մեծ խումբ էր միավորվել Աղայանի շուրջը․ «Քիրսի» տղաները, «Քիրսեն գրուպան» (արցախցիների շրջանում պաշտամունքային Քիրս լեռան փեշին էր նրանց բազան), այսպես էին կոչում նրանց խումբը, որը սկզբից պարտիզանական շարժում էր իրականացնում, պաշտպանում սահմանամերձ գյուղերը, հետո արդեն կանոնավոր կերպով մասնակցում պաշտպանական մարտերին։ Այդ ժամանակներում Սամվելը սերտ կապերի ու համագործակցության մեջ էր ցեղակրոնների առաջնորդ Հակոբ Խաչատրյանի հետ, մի տեսակ հովանավորում էր նրան։

Հրապարակումն ամբողջական չէր լինի (թեև, հասկանալի պատճառներվ, այն հեռու է այդպիսին լինելուց), եթե այն տարիներին լսածս մի դեպքի մասին չպատմեմ․ մի անգամ Աղայանին ասում են, որ անհրաժեշտ է պարզել, թե ով է գերեվարված ադրբեջանական խմբի գլխավորը, ինչը չի հաջողվում։ Աղայանն ասում է՝ երբ նրանց հացը կտանեք, հետը նաև մի խաշած ձու դրեք։ Ում տվին ձուն, հենց նա էլ գլխավորն է։ Հենց այդպես էլ պարզում են խմբի գլխավորին։
․․․Կայացված որոշման մասին արդեն գիտեին բոլորը, այդ թվում և՝ նրան հավատարիմ տղաները, ովքեր մտադիր էին մինչև վերջ կանգնել Սամվելի կողքին։ Դեպքից մեկ թե երկու օր առաջ նրանցից մեկը երեկոյան այցելում է Սամվելին և ասում, որ պատրաստ են ամեն ինչի։
Ու Սամվելը խստորեն պատվիրում է․
-Եթե, հանկարծ, ինչ-որ բան պատահի ինձ հետ, ոչ մի դեպքում չգնալ վրեժի, քանզի դա կարող է մեծ ընդհարման բերել և խաթարել մեր միասնությունը․․․
Սամվելի Եղբայրը՝ Գագիկը, 2023-ի սեպտեմբերին չլքեց Ստեփանակերտը։
-Մեր գերեզմաններն ու՞մ թողնեմ,- ասաց․․․
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: