Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:06 02-09-2021

Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է. շնորհավորական ուղերձներ՝ արցունքից մինչև վրեժ ու ցասում

23 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց ԼՂՀ կազմավորման հռչակագիրը: Այն պետք էր ամրագրել անկախության մասին հանրաքվեով, ուստի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից բառացիորեն մի քանի օր առաջ, արցախցիները հանրաքվեով ամրագրեցին անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը:

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը տոնում ենք ատամները սեղմած ու 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մահը սգալով: Եվ չնայած օրը դժվար է տոնական համարել, այնուամենայնիվ, արցախցիներին և ընդհանրապես հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ են հղել ներկա և նախկին իշխանությունը ներկայացնող մի շարք պետական գործիչներ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում ընդգծել է, որ մարդկային կորուստներն անդառնալի են, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող. «Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում նախ մանրամասն ներկայացվում է հակամարտության պատմական ողջ ընթացքը՝ մատնանշելով, որ հակամարտությունը լուծում չգտավ, և բռնությունը շարունակվեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով, որը հետապնդում էր բռնի ուժով հակամարտությունը լուծելու նպատակ. «Այդ պատերազմը, չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպատակին։ Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ»:

ՀՀ նախկին նախագահները նույնպես շնորհավորական ուղերձներ են հղել ԱՀ անկախության կապակցությամբ: Մասնավորապես, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: «2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթն Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին, որի հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր: Խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը, վախ և անվստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ և հայկական երկու պետությունները տանում նոր վտանգների: Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք: Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար»,- շնորհավորական ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Արցախը հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև և Արցախի պետականության պահպանման գրավականը արցախցու՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է. « Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել, այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված: «Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում: Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում: Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են: Եվ մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»,- նշված է նախագահի ուղերձում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես շնորհավորել է արցախցիներին՝ խոստանալով ներդնել բոլոր ջանքերն Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար. «Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ: Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք: Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։ Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում: Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա»:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան,Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։ Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։ Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։ Սակայն պայքարը շարունակվում է։ Ամեն ինչ դեռ առջևում է, և վերածնունդ լինելու է»։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր ուղերձում նշում է, որ վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մեր արժեքներին, միասնականությանը, մեր բանակին ու անվտանգությանը, մեր արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը հասցված յուրաքանչյուր հարված ճակատագրական գին ունի մեզ համար. «Վերջին տարիների փորձը ծանր դաս պիտի լինի մեր բոլորի ու գալիք սերունդների համար։ Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակումից 30 տարի անց, մենք բոլորս կանգնած ենք մեծագույն փորձությունների ու մարտահրավերների առաջ։ Մեզ բոլորիս՝ խոհեմություն, տոկունություն ու վճռականություն։ Արցախահայության՝ սեփական հողում ազատ, անկախ ապրելու իրավունքն այլընտրանք չունի»։