Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Աղբահավաք ապիկարություն։
2025 թվականի սկզբից Երևան քաղաքում աղբահանության գումարների հաշվարկը կատարվում է բնակության տարածքի մակերեսով, այլ ոչ թե բնակիչների թվաքանակով։ Հարցը խորությամբ քննելու նպատակով դիտարկենք միջազգային փորձը, մասնավորապես գերմանականը։
Գերմանացիները վստահ են, որ թափոնների հեռացման համակարգն արդյունավետ է աշխատում, երբ ենթակառուցվածքները արդիականացվում են, նոր սարքավորումներ են նախագծվում, և քաղաքացիների բնապահպանական իրազեկությունը զարգանում է։ Ի վերջո, թափոնների վերամշակումը ոչ միայն մաքուր քաղաք է, այլ նաև տնտեսության առանձին, շատ կարևոր ոլորտ:Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) տվյալներով՝ Գերմանիան ԵՄ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թափոնների վերամշակմամբ։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղբահավաք արդյունաբերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 70 միլիարդ եվրո, այնտեղ աշխատում է ավելի քան 250 հազար մարդ, և աղբի հավաքման, տեսակավորման և հեռացման կազմակերպման մեջ ներգրավված են ինչպես քաղաքային, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները։ Ամբողջ թափոնների գրեթե 66 տոկոսը վերամշակվում է Գերմանիայում։
Թափոնների վերամշակման տարբեր ընկերություններ միմյանց միջև բաժանում են «պատասխանատվության ոլորտները»: Օրինակ, Բեռլինում փողոցների մաքրումը և կենցաղային աղբի հավաքումն ու հեռացումը Berliner Stadtreinigung-ի (BSR) պարտականությունն է: Այն պատկանում է քաղաքին, պատասխանատու է չտեսակավորված և օրգանական թափոնների համար, այսինքն՝ աշխատում է միայն սև և շագանակագույն տարաներով, և գումար է ստանում ոչ միայն թափոնների վերամշակումից, այլ բնակիչներից։ Թափոնների հեռացման վճարի չափը կախված է բնակության վայրից, տան հարեւանների թվից, բնակելի տարածքի չափից և բնակարանում ապրող մարդկանց թվից: Գումարը սահմանվում է քաղաքապետարանների կողմից և հիմնված է նաև թափոնների տարաների քանակի, դրանց չափի, հավաքման հաճախականության և աղբի վերամշակման օբյեկտի հեռավորության վրա:
Փաստացի Եվրոպական աղբահանության առաջնորդ երկրում աղբահանության գումարի մեծության հաշվարկի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ, որոնք տնտեսապես արդարացված են համապատասխան հաշվարկներով։
Ի՞նչ ունենք Երևան քաղաքում, որտեղ քաղաքային իշխանությունը ներկայացնում է քպ եվ հանրապետություն կուսակցությունների կոալիցիան։
Բազմաթիվ գործոնների ազդեցության հաշվարկի փոխարեն որոշել են գնալ ամենից կարճ եվ սխալ ճանապարհով։ Որոշել են պարզապես բնակֆոնդի քառակուսի մետրերը ընդունել հիմք և սահմանել աղբահանության նոր սակագներ, որոնք էլ նախկինում գործող սակագնից արժեքային հանրագումարով աճել են մոտ քսանհինգ տոկոսով ։
Որո՞նք են այս որոշման հիմնական պարադոքսները:
1. Չկա նոր ենթակառուցվածքների ներդնում
2. Աղբի օրգանական ստեղծող մարդու քանակի փոխարեն հիմք է ընդունվել բնակֆոնդի մակերեսը
3. Չկա աղբի գոյացման տարածքի եվ աղբավայրերի միջև հեռավորության ազդեցության հաշվարկը
4. Չկա մասնավոր ընկերությունների ներգրավման հարցը ոլորտում
5. Չկա աղբի վերամշակման գործընթացի կոնցեպտը
6. առկա լրջագույն սոցիալական խզում անհատական տներում բնակվող եվ փոքր բնակարաններում բնակվողների վճարվելիք վճարների մասով
Ակնհայտ է, որ ոլորտը պահանջում է մասնագիտական հաշվարկ, որը կփոխարինի ներկա անիմաստ, ապիկար, ամեն ինչ թանկացնելու չարդարացված մոլուցքը։ Մեր փողը ձեր փողը չէ։