Ներքին 7 ամիս առաջ - 19:00 25-12-2025

Կոմիտաս 59/12 նորակառույց շենքի բնակիչները զրկված են ջրից և էլեկտրաէներգիայից

Երևանի Կոմիտաս 59/12 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակիչները ամիսներ շարունակ բախվում են լուրջ խնդիրների՝ կապված էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հետ։

Oragir.News-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Տունը, որ մեզ հանձնել են, սկզբից ի վեր լուրջ խնդիրներ է ունեցել թե՛ «ՀԷՑ»-ի, թե՛ «Վեոլիա ջուր»-ի հետ։ Չնայած սեփականության թղթերը վաղուց ունեինք, երկար ժամանակ բաժանորդ չէինք կարողանում դառնալ»,- ասում է բնակիչը։

Նրա խոսքով՝ մինչև այս տարվա մայիս ամիսը բնակիչները ստիպված են եղել առանց հաշվիչների վճարել էլեկտրաէներգիայի համար. «Մինչև մայիս ամիսը ամսական մոտ 20 հազար դրամ էինք տալիս լույսի համար, հետո միայն մայիսի 10-ին հաշվիչ դրեցին, և նոր սկսեցինք շյոչիկով վճարել»։

Բնակիչը նշում է, որ շենքում կան բնակարաններ, որոնց սեփականատերերը մինչ օրս «ՀԷՑ»-ի բաժանորդ չեն, սակայն շարունակում են օգտվել էլեկտրաէներգիայից. «Մարդիկ կան, որ ո՛չ իրենց տան լույսն են վճարել, ո՛չ էլ ընդհանուր տարածքների համար, բայց լույս ունեն, օգտվում են։ Էդ պարտքը մնացել է վճարող բնակիչների վրա»։

Նրա փոխանցմամբ՝ կուտակված պարտքը կազմել է շուրջ 3 միլիոն 160 հազար դրամ, ինչի հետևանքով մի օր առանց որևէ նախազգուշացման անջատվել են ընդհանուր տարածքների լույսերն ու ջուրը։ «Պարզապես անջատել էին՝ առանց զգուշացնելու։ Ո՛չ ջուր կար, ո՛չ վերելակ։ Շենքը 20 հարկանի է, պատկերացրեք մարդկանց վիճակը»,- ասում է բնակիչը։

Բնակիչների նշում են նաև, որ զանգահարել են ՀԷՑ, սակայն այնտեղ նշել են, որ անջատումը իրենց կողմից չի իրականացվել. «ՀԷՑ-ից ասում էին՝ մեր կողմից անջատում չի եղել, բայց մենք տեսել ենք, որ մի քանի րոպեով վերելակները միացրել են, հետո նորից անջատել»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար բնակիչները ստիպված են եղել գումարը հավաքել․ «Մարդիկ հնարավորության չափով 30 հազար դրամ են տվել, ընդհանուր 330 հազար դրամ հավաքվեց, ու միայն դրանից հետո, գիշերվա ժամերին, լույսն ու ջուրը միացրին»։

Բնակիչները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Միակ տեղը, որ մեզ հետ կապի մեջ էր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր։ Ասացին, որ հարցը կապիտալ լուծման կարիք ունի, հատկապես՝ երեխաների ու տարեցների իրավունքների մասով»։

Շենքում համատիրություն չկա, և, ըստ բնակիչների, կառուցապատողը չի սահմանափակում չվճարող բնակարանների օգտվելը ընդհանուր համակարգերից. «Համատիրություն չունենք, գումարները մենք ենք հավաքում, բայց ով չի վճարում, նույն ձևով օգտվում է, ու կառուցապատողը ոչ մի քայլ չի անում»։

Բնակիչների խոսքով՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան, Արաբկիր վարչական շրջան, իրավապահ մարմիններ, սակայն արդյունք չեն ստացել։ «Բոլոր տեղ զանգել ենք՝ քաղաքապետարան, վարչական շրջան, ոստիկանություն, բայց իրականում ոչ մեկը չի օգնել»,- ասում է մեզ ահազանգած քաղաքացին։

Oragir.News-ը այցելեց նաև շենքի տարածք, սակայն գրեթե չհանդիպեց բնակիչների, իսկ հանդիպածներն էլ հրաժարվեցին մեկնաբանություններից։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից